Փարիզի Շատլե թատրոնում հոկտեմբերի 17-ին կայացավ France Football ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երեկոյի գլխավոր մրցանակը ստացավ Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
34-ամյա Բենզեման Ռայմոն Կոպայից, Ժան-Պյեր Պապենից, Միշել Պլատինիից ու Զինեդին Զիդանից հետո 5-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որն արժանանում է «Ոսկե գնդակին»։
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավեց Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեին, որը նախորդ մրցաշրջանում խաղում էր անգլիական «Լիվերպուլում»։ Լավագույն եռյակը եզրափակեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, իսկ չորրորդ տեղը զբաղեցրեց կատալոնական «Բարսելոնայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց մրցաշրջանի լավագույն հարձակվող և արժանացավ Գերդ Մյուլերի անվան մրցանակին:
Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ Տիբո Կուրտուան ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ՝ արժանանալով Մոսկվայի «Դինամոյի» ու ԽՍՀՄ հավաքականի լեգենդ Լև Յաշինի անվան մրցանակին։
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող Ռայմոն Կոպայի անվան մրցանակը ստացավ կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ճանաչվեց տարվա լավագույն թիմ։
Կանանց ֆուտբոլում տարվա լավագույն խաղացողն Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասն է, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ «Ոսկե գնդակին»։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը հանձնելու կանոնները փոխվել են. «Ոսկե գնդակը» տրվում է մրցաշրջանի ավարտի, ոչ թե օրացուցային տարվա ամփոփումով: