Այսօր Պեկինում մեկնարկող ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր շքերթում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն են լինելու գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ձմեռային այս մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու են գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և Միքայել Միքայելյանը։
Խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել նաև ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, սակայն ավելի վաղ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտնել էր, որ նա կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի մեկնել մրցավայր։
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունն սկսվելու է Երևանի ժամանակով 16։00-ին։
Խաղերին ակնկալվում է 91 երկրի ավելի քան 4 հազար մարզիկ-մարզուհու մասնակցություն։ Օլիմպիական խաղերում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու։