Logo

Ո՞վ կստանար «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին հիմա. 2024/25-ի լավագույնները՝ ըստ Fast News-ի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:38 / 13.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Արդեն 2025 թվականն է, եվրոպական թոփ առաջնություններում էլ տարվա առաջին ֆուտբոլային ուիքենդն ավարտված է: Սա նշանակում է, որ ավարտված է նաև 2024/25 մրցաշրջանի առաջին հատվածը, ու հիմա կարող ենք եզրակացություններ անել՝ ոչ թե նայելով թղթին, թիմերի կազմերին ու մարզիչներին, այլ ցույց տված խաղին՝ հիմնվելով «իրեղեն ապացույցների» վրա: Ո՞ր թիմերն են տիտղոսներ հաղթելու գլխավոր ֆավորիտները, ո՞ր ֆուտբոլիստներն են սլանում դեպի «Ոսկե գնդակի» պատվո հարթակ: Եկե՛ք արձանագրենք, թե ինչ իրավիճակ է հիմա: Մրցաշրջանի ավարտից հետո այս հոդվածը վերընթերցելն ավելի հետաքրքիր կլինի 😉

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԵՐԸ

«Լիվերպուլ»

Եթե հիմա կայանար «Ոսկե գնդակի» կամ The Best-ի՝ ընթացիկ մրցաշրջանին նվիրված մրցանակաբաշխությունը, ապա բազմաթիվ անվանակարգերում կհաղթեին «Լիվերպուլի» ներկայացուցիչները, և «Լիվերպուլը»՝ որպես տարվա թիմ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ պոստ-Կլոպ ժամանակաշրջանի առաջին իսկ մրցաշրջանում մերսիսայդցիները լավագույն արդյունքները կունենան ու լավագույն ֆուտբոլը կցուցադրեն Եվրոպայում: Բայց ինչպես հանրահայտ Forrest Gump ֆիլմում ասում է Թոմ Հենքսի մարմնավորած կերպարը, «կյանքը շոկոլադի տուփ է, ու երբեք չգիտես՝ ինչպիսին է քո վերցրած շոկոլադը»: «Լիվերպուլի» ընտրած «շոկոլադը» Առնե Սլոթն էր՝ հնարավոր տարբերակներից լավագույնը:

Հետաքրքիրն այն է, որ Սլոթը թիմի կազմը նույնիսկ կոսմետիկ նորոգման չենթարկեց: Ակումբի միակ ձեռքբերումը Ֆեդերիկո Կիեզան էր՝ ֆուտբոլիստ, որը մինչև այս պահը եղել է հարձակման գծի 6-րդ ընտրությունը և որևէ դեր չի ունեցել թիմի խաղում/հաջողություններում: Նիդերլանդցի մասնագետն իր ձեռքի տակ եղածով պարզապես փոխեց մոտեցումներ, որոշ դասավորություններ արեց, «կոճակներ» սեղմեց ու ապշեցուցիչ արդյունք ստացավ: 

Arne Slot not satisfied despite record-setting start to life at Liverpool |  Andover Advertiser

Առաջին բանը, որ արեց Սլոթը, Կլոպի արկածախնդիր, գերինտենսիվ, երբեմն «կամիկաձե» հիշեցնող պրեսինգ-խաղաոճը փոխելն էր: Սլոթի «Լիվերպուլը» խաղադաշտում տեղաշարժվում է ավելի մտածված ու հավասարակշռված: Այսպես ֆուտբոլիստները ֆիզիկապես չեն սպառվում խաղի ընթացքում, վնասվածքները քիչ են, նաև պաշտպանները, հատկապես՝ եզրային, քիչ են դիրք կորցնում և ամուր պահում են թիկունքը:

Սլոթը դարձավ առաջին մարզիչը, որ Պրեմիեր լիգայում առաջին 12 խաղից հաղթել է 11-ում, 4-րդ մարզիչը, որ իր նորամուտի մրցաշրջանում Boxing Day-ին մոտենում է առաջատարի կարգավիճակում: Մյուս երեքը եղել են Մոուրինյոն (2004/05), Անչելոտին (2009/10) ու Կոնտեն (2016/17): Այդ մրցաշրջաններում բոլոր 3 մարզիչներն էլ հաղթել են Պրեմիեր լիգան: 2-րդ տեղը զբաղեցնող «Արսենալի» նկատմամբ 6 միավորի առավելությունը, ինչպես նաև 1 խաղ պահեստում ունենալը, թիմին դարձնում են իսկական «ԼիԴերպուլ»: 

«Լիվերպուլն» այս մրցաշրջանում ցույց է տալիս համոզիչ, դոմինանտ ֆուտբոլ, հաղթել է Անգլիայում ու Եվրոպայում իր գլխավոր մրցակիցներ «Մանչեսթեր Սիթիին» և «Ռեալին», ֆուտբոլիստներից շատերը գրանցում են անհատական ֆանտաստիկ աճ. Վան Դեյկը նորից անանցանելի պատ է, Գրավենբերխը լավագույններից է իր դիրքում, հարձակման գծում փայլում են բոլորը՝ Դիասը, Գակպոն, Ժոտան, դե իսկ Սալահը... Սալահի մասին՝ առանձին:

«Ինտեր»

Գնանք Ապենինյան թերակղզի, մասնավորապես՝ Միլան, ավելի կոնկրետ՝ «Ինտեր»: Այստեղ նոր ժամանակաշրջան չկա, այստեղ կա կայուն զարգացող մի թիմ, որն իր հաջողություններն արդեն 2-3 տարի ցածր ջերմաստիճանի տակ է «եփում» ու մտադիր է այն ամբողջությամբ պատրաստ մատուցել իր երկրպագուներին: 

Այո՛, Սիմոնե Ինձագին աստիճանաբար է ուժեղանում ու քայլ առ քայլ հզորացնում իր թիմը: 2022/23-ին «Ներաձուրին» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2023/24-ին նվաճեց «Սկուդետոն»: Թե՛ ներքին, թե՛ միջազգային ասպարեզներում «Ինտերը», որտեղ խաղում է մեր սիրելի Հենրիխ Մխիթարյանը, կայացած թիմ է, կայացած բոլոր իմաստներով, կայացած՝ որպես բազմակողմանի, տարատեսակ սխեմաներով, թույլ կողմ չունեցող թիմ, որպես երկար, շա՜տ երկար պահեստայինների նստարան ունեցող թիմ: Այնքան երկար, որ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Լաուտարո Մարտինեսը պահեստայինների նստարանին է: Ինձագին հանդգնում է Չեմպիոնների լիգայի խաղերում ռոտացիայի դիմել:

Simone Inzaghi: Why more clubs should be considering Inter Milan's 'normal  one' - BBC Sport

«Ինտերի»՝ վետերաններով ու երիտասարդներով հագեցած պաշտպանությունն ամուր է (ամենաքիչ գոլ բաց թողած թիմը ՉԼ-ում), թիմային տեղաշարժը՝ արագ ու դինամիկ, հարձակման գիծն էլ ամենաարդյունավետն Ա Սերիայում (47 գոլ): «Ինտերն» առաջատար կլինի Իտալիայում, եթե հաղթի բաց թողած խաղերը, ՉԼ-ում էլ լավագույն ութնյակում է: Մխիթարյանն իրատեսական հիմքեր ունի հավատալու, որ Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսին իր անձնական թանգարանում կարող է ավելացնել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Աթլետիկո Մադրիդ»

Թե բա՝ Սիմեոնեն սպառվել է, նրա հեռանալով «Աթլետիկոն» կշարունակի զարգանալ...

Իր 122-ամյա պատմության մեջ մադրիդյան թիմն առաջին անգամ 14 անընդմեջ հաղթանակ է տանում: Մրցակիցներն արդեն չգիտեն՝ ինչ անեն, որ հաղթեն «Աթլետիկոյին»: Երբ «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն խաղացին առաջին համարով, «Աթլետիկոն» խայթեց հակագրոհներով, համեմատաբար ավելի թույլ թիմերը շեշտը դնում են ավտոբուսի վրա, Գրիզման-Խուլիան Ալվարես զույգն ինչ-որ կերպ գտնում է դարպասի ճանապարհը: 14 անընդմեջ հաղթանակ, 8 «չոր» խաղ, 35 գոլ, 5 քամբեք՝ առաջատար մի առաջնությունում, որտեղ խաղում են Ֆլիկի «Բարսելոնան» ու Մբապեի «Ռեալը»: «Աթլետիկոն» հաղթում է բոլորին՝ լինեն դա «ծուղակ» խաղեր («Վիկ», «Կասերենյո»), թե ծանր խաղեր (ՊՍԺ, «Բարսելոնա»): 

Simeone: Atlético's mental strength was key to maiden away win at Barça -  Into the Calderon

Վերջին անգամ «Աթլետիկոյին» չհաղթելիս տեսել են 2024-ի հոկտեմբերին՝ «Բենիտո Վիլյամարինում»: Եվ այդ պահից ամեն ինչ սկսվեց: Սիմեոնեն հավաքեց իր ֆուտբոլիստներին ու ասաց. «Միասին մենք կարող ենք»: Ու հիմա ոչ ոք չգիտի՝ ինչպես չպարտվել «Աթլետիկոյին»: Փաստորեն Լե Նորման, Գալագեր, Խուլիան Ալվարես ու Ալեքսանդր Սյոռլոթ «փաթեթն» այն ամենն էր, ինչ պակասում էր Սիմեոնեին՝ նման հզոր թիմ ստանալու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Մոհամեդ Սալահ

Կար մի ժամանակ, երբ թվում էր՝ լավագույն Սալահը 2018-ի Սալահն էր, հետո՝ 2019-ի, հետո՝ 2022-ի: Բայց լավագույն Սալահը հիմա է ու այստեղ՝ 2024/25 մրցաշրջանում: Սալահը կուտակել է ամբողջ կարիերայի փորձը, տակտիկական տեսանկյունից՝ վերածվել նոր Մեսիի՝ նույն խաղամակարդակով գործելով վինգերի, փլեյմեյքերի ու հարձակվողի դիրքում: Սալահի համար ուժեղ ու թույլ մրցակիցներ չկան, կան միայն գոլեր. Սալահը կա՛մ խփում է, կա՛մ ասիստ կատարում, կա՛մ ստեղծում գոլային պահեր: 28 խաղ, 21 գոլ, 17 ասիստ: Սալահն այս պահին, առանց որևէ կասկածի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: 

Mohamed Salah drops Liverpool contract hint that will concern fans - Mirror  Online

Ռաֆինյա

Այս մրցաշրջանի ամենամեծ անակնկալներից մեկը Ռաֆինյայի խաղամակարդակի կտրուկ աճն էր: Մինչև այս մրցաշրջանի մեկնարկը գրեթե բոլորը բրազիլացու տրանսֆերը համարում էին ձախողում, Լապորտան էլ ամռանը պատրաստ էր ընդունել Սաուդյան Արաբիայից ստացված աստղաբաշխական առաջարկը: Բայց Ռաֆինյան մնաց, որովհետև շատ բան ուներ ապացուցելու: Ու ապացուցում է:

Ամբողջ կյանքում հարձակման աջ եզրում խաղացած Ռաֆինյան Հանսի Ֆլիկի ժամանումից հետո խաղում է կա՛մ ենթահարձակվողի, կա՛մ ձախեզրային հարձակվողի դիրքում: Այս ազատությունը բրազիլացու խաղում բացահայտեց շատ արդյունավետ մի ֆուտբոլիստի, որն այս մրցաշրջանում արդեն 19 գոլ է խփել ու 11 ասիստ կատարել: Ընդ որում՝ Ռաֆինյայի ծնկները չեն դողում «Ռեալի», «Բավարիայի» կամ «Բորուսիայի» նման մրցակիցների դեմ խաղերում: Անհավանական է հնչում, բայց այս մարզավիճակով Ռաֆինյան «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստն է ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 

Ֆլորիան Վիրց

«Բայերն» այլևս անպարտելի չէ, չի էլ գլխավորում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, բայց Ֆլորիան Վիրցը դեռ պահպանում է հեքիաթային խաղամակարդակը: Վիրցն այնտեղ է, որտեղ կառուցվում է թիմի խաղը, այնտեղ է, որտեղ ստեղծվում են գոլերը, այնտեղ է, որտեղ հաղթանակներն են: Վիրցին հավանաբար խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակներն այլևս չեն ուրախացնում, քանի որ նրա սենյակում դրանք դնելու տեղ հավանաբար չկա: 

Un altro bellissimo gol di Florian Wirtz

Այնքան էլ նպատակահարմար չէ հատուկ շեշտել Վիրցի վիճակագրությունը, միևնույն է դա չի ամբողջացնի նրա խաղի վերաբերյալ պատկերը: Պարզապես միացրե՛ք հեռուստացույցն ու դիտե՛ք Վիրցի խաղը, որի կախարդանքն այս մրցաշրջանում իր հետ բերել է Չեմպիոնների լիգա: 

ՄԱՐԶՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ջան Պիեռո Գասպերինի

Ինչպես միշտ, հետաքրքիր է հետևել նաև այն մարզիչների աշխատանքին, որոնք իրենց թիմերին նոր բարձունքների են հասցնում: Ջան Պիեռո Գասպերինին երիտասարդ չէ, ամենևին էլ բացահայտում չէ, բայց 66-ամյա մասնագետը շարունակում է «մեծացնել» «Ատալանտային»: Վտանգավոր գոտուց՝ եվրագավաթային տեղեր, հետո՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, Եվրոպա լիգայի տիտղոս... Հաջորդ կայարանը «Սկուդետոն» է կամ գոնե «Սկուդետոյի» համար պայքարը: Գասպերինին ապացուցեց, որ տարբեր սերունդների հետ, տարբեր ֆուտբոլիստների հետ նույն արդյունքին է հասնում, ինչի համար արժանի է միայն ծափահարությունների: Ա Սերիայում ամենագրավիչ ֆուտբոլ ցուցադրող թիմը նոր տիտղոսի հետևից է գնում:

Նունու Էշպիրիտու Սանտու

Ֆուտբոլի համար հրաշալի ստացվեց, որ Նունու Էշպիրիտու Սանտուն հասկացավ իր սխալը. նա ժամանակից շուտ էր հեռացել Եվրոպայից ու ԱՊԼ-ում դեռ ասելիք ուներ:

Ըստ Ջեյմի Կարագերի՝ «Նոթինգհեմն» այս մրցաշրջանի արդյունքներով Չեմպիոնշիփ նահանջելու գլխավոր թեկնածուներից է: Այդպես կլիներ հիմա, եթե գլխիվայր շրջեինք մրցաշարային աղյուսակը, որովհետև «Նոթինգհեմը» 3-րդն է ոչ թե վերջից, այլ սկզբից: Անգլիական այս երբեմնի գրանդն ԱՊԼ վերադառնալուց հետո կատարում է բազմաթիվ տրանսֆերներ, երբեմն՝ անկանոն ու անհամաչափ, լցնում է թիմը տարատեսակ հայտնի ու անհայտ ֆուտբոլիստներով: Վերջին տարիներին, իսկապես, «Նոթինգհեմը» պայքարում էր՝ ուժեղագույնների շարքում մնալու համար: Եկան ու գնացին տարբեր մարզիչներ, բայց հենց Էշպիրիտու Սանտուն էր, որ գտավ այս բազմաթիվ ֆուտբոլիստներից լավ թիմ ստանալու բանաձևը: Լավագույն քառյակում մնալը ծայրահեղ բարդ է լինելու, բայց «Նոթինգհեմը» մարզչական թիմ է, և առաջին հատվածում թիմի գրանցած հաջողությունները պատահական չեն:

Nottingham Forest 1-1 Bournemouth: What Nuno Espirito Santo said - BBC Sport

Էնցո Մարեսկա

«Չելսիի» իրավիճակը շատ նման է «Նոթինգհեմում» ստեղծված իրավիճակին: Ֆուտբոլիստները շատ էին, ու բազմաթիվ մարզիչներ չկարողացան գլուխ հանել կազմից: Գրեհեմ Փոթերը, Ֆրենկ Լեմպարդն ու Մաուրիսիո Պոչետինոն խճճվեցին «Սթեմֆորդ Բրիջի» քաոսում, բայց ոչ Էնցո Մարեսկան: Նա ունի հստակ խաղային ծրագիր՝ գնդակի վերահսկողության բարձր տոկոսով, բոլորի հետ աշխատում է անհատապես, ունի հստակ մեկնարկային կազմ, ապահովում է դրական արդյունքներ՝ պնդելով, որ դեռ վաղ է այս «Չելսիին» Անգլիայի չեմպիոն դառնալու ֆավորիտների շարքին դասելը: Մարեսկան անում է այն, ինչ չարեցին Տուխելից հետո եկած մարզիչները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ