«Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի հոկտեմբերի 17-ի երեկոյան Փարիզում կայանալիք France Football ամսագրի կողմից անցկացվող ամենամյա «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը:
Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան տղամարդկանց և կանանց ֆուտբոլում 2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը: Հայտնի կդառնան նաև տարվա լավագույն դարպասապահը, երիտասարդ ֆուտբոլիստը, գոլի հեղինակը: Կհանձնվեն նաև այլ մրցանակներ:
Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:50-ին և կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ տղամարդկանց ֆուտբոլում «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (7-ակի հաղթող), որն այս տարի 30 հավակնորդների ցուցակից բացակայում է: Կանանց պայքարում գործող դափնեկիրը կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ալեքսիսա Պուտելյասն է: