Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին:
«ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճերը պաշտոնական մակարդակում կլինեն վերջին հանդիպումները, և ես հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակով հանդես կգանք:
Չեմ կարծում, թե պատասխան խաղը տանն անցկացնելը մեծ նշանակություն ունի ժամանակակից ֆուտբոլում: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մեր երկրպագուների աջակցությամբ զգալի առավելության կհասնենք պատասխան խաղում», 47-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ երեք օր անց Վրաստանում։ Հարավկովկասյան երկրների հավաքականները կպայքարեն B դիվիզիոնի ուղեգրի համար:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով գրավել էր երկրորդ տեղը։ Վրաստանի հավաքականը B դիվիզիոնի առաջին խմբում 7 միավորով երրորդն էր: