Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան խաղի նախօրեին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է երևանյան հանդիպման մասին:
«Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանը և կկարողանան դրական արդյունքի հասնել»,- ասել է Սանյոլը:
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան'տ Սխիպի նշանակմանը.
«Հիշում եմ նրան Հունաստանի հավաքականում աշխատելիս: Գիտեմ նաև, որ Ամստերդամի «Այաքսի» պես մեծ թիմում է պաշտոնավարել: Վստահ եմ, որ նրա նշանակումը լավ լուր է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականը վերջին 15-20 տարիներին միշտ տպավորել է: Վերջին շրջանը գուցե հաջող չէ, բայց կարծում եմ՝ նոր մարզիչը կարող է շտկել իրավիճակը»:
Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում: