Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը գրառում է կատարել և հարգանքի տուրք մատուցել սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին:
«Այսօր հայ ազգը հրաժեշտ է տալիս սպորտի վարպետ, անգերազանցելի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին։
Նա բացառիկ տեսակ էր՝ ուժի, մարդկային անսահման կարողությունների ու համեստության խորհրդանիշ։ Ազարյանը քայլող պատմություն էր, որը հենց ինքն էր կերտել՝ տարիների անձնվեր աշխատանքով ու անմոռաց նվիրվածությամբ։ Նա անջնջելի հետք թողեց հայկական սպորտի զարգացման գործում և աշխարհին պատմեց մեր մասին իր հաղթանակներով։ Նրան երբեք չփոխեցին փառքն ու ճանաչումը… նա մնաց նույն հոգով երիտասարդ, համեստ ու միևնույն ժամանակ վեհ տեսակն, ում ճանաչելը պատիվ էր, ում ձեռքը սեղմելը և ումից խորհուրդ լսելը՝ պարգև։
Իմ սպորտային կարիերայի ճանապարհին ես շատ լեգենդների հանդիպեցի, բայց Ազարյանի հետ հանդիպումը դրոշմվեց հիշողությանս մեջ որպես կարիերայիս ամենավառ ու հիշարժան էջերից մեկը։
Հպարտ եմ, որ երբևէ ճանաչել եմ Ալբերտ Ազարյան ՎԱՐՊԵՏԻՆ։ Համոզված եմ, որ իր անունն ապրելու է դարեր…
Ննջիր խաղաղությամբ, ԼԵԳԵՆԴ…»,- սոցցանցերում գրել է անվանի բռնցքամարտիկը։
Հիշեցնենք, որ լեգենդար մանրամարզիկը մահացել է սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: