
10-րդ տուրի 5 հանդիպումներով սկսվում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության 2-րդ շրջանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:
«ՆՈՐԱՎԱՆՔ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»
21 հոկտեմբերի, ժ.15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-3
1-ին շրջան. 01.08.2021 «Ուրարտու» 3-0 «Նորավանք»
Գոլերը՝ 1-0՝ Նարեկ Գրիգորյան 48՛, 2-0՝ Ուգոչուկվու Իվու 67՛, 3-0՝ Կարեն Մելքոնյան 86՛:
«Նորավանք»՝ 7-րդ տեղ (8 միավոր), «Ուրարտու»՝ 6-րդ տեղ (10 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
- Նախորդ տուրն անհաջող էր «Նորավանքի» համար, որը 0-2 հաշվով պարտվեց առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին: Դրանով ընդհատվեց «Նորավանքի» 3 անպարտելի խաղերի շարքը: Ընդ որում նախորդ երկու հանդիպումներում թիմի դարպասն անառիկ էր մնացել:
- «Ուրարտուն» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 650-րդ հանդիպումը կանցկացնի: Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրը 313 հաղթանակ է տոնել, 143 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 193 պարտություն:
- Նախորդ տուրում «Ուրարտուն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը «Վանի» հետ: Դա ոչ միայն «Վանի» հետ դիմակայությունում, այլև ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» օգտին գրանցված առաջին ոչ-ոքին էր: «Ուրարտուն» նաև ընդհատեց 340 րոպե տևած գոլային երաշտը:
- Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնության հանդիպումներում գրանցված 2 ինքնագոլերի հեղինակներն այս դիմակայությանը մասնակցող ֆուտբոլիստներն են: Առաջինի հեղինակն «Ուրարտուի» լեգեոնական Սալոմոն Նիրիսարիկենն էր, որը սեփական դարպասը գրավել էր «Սևանի» հետ կայացած 2-րդ տուրի խաղում: Իսկ «Նորավանքից» նախորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում «աչքի» էր ընկել Սիմոն Օբոնդեն:
- «Ուրարտուի» կազմում 3-ական գոլով ամենաարդյունավետ ֆուտբոլիստները Նարեկ Գրիգորյանն ու Օլեգ Պոլյակովն են: Իսկ ահա «Նորավանքում» մեկից ավելի գոլ խփած ֆուտբոլիստներ չկան: