Իտալիայի հավաքականի կիսապաշտպան, Կատարի «Ալ Արաբիի» նորեկ Մարկո Վերատին նշել է, թե ինչու է հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից։
«Ես զրուցեցի Լուիս Էնրիկեի հետ։ Մարզիչն ասաց, որ ես չեմ մտնում իր ծրագրերի մեջ։ Ես հարգում եմ Էնրիկեին և գնահատում նրա անկեղծությունը։
Մեր զրույցի ընթացքում մարզիչն ասաց, որ ցանկանում է ամբողջությամբ փոխել թիմի կազմը։ Ես 11 տարի եմ անցկացրել ֆրանսիական ակումբում, բայց եկավ փոփոխությունների ժամանակը»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մարկո Վերատին սեպտեմբերին էր 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ալ Արաբի», որի կազմում արդեն մասնակցել է երկու հանդիպման։ Իտալացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Կիսապաշտպանը 2012 թվականին էր իտալական «Պեսկարայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։