Logo

Առաջնության առաջին հեթ-տրիկն ու «Արարատ-Արմենիայի» ամենատարեց հայ ֆուտբոլիստը. VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:33 / 22.08.2022• Հայկական ֆուտբոլ
VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 4-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: 10-ական միավորով «Ալաշկերտն» ու «Վանը» ստանձնել են առաջատարի դերը: 

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Առաջնության 4-րդ տուրն էլ նախորդների պես անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, 3 խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 19 հանդիպումներից միայն 3-ում են դաշտի տերերը հաղթել, 11-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Տուրում խփվեց 11 գոլ, որից միայն 2-ը գրանցվեց դաշտի տերերի օգտին: Առաջնության 19 հանդիպումներում խփվել է 40 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,1 գոլ): Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 4 տուրերում անցկացված 18 հանդիպումներում գրանցվել էր  58 գոլ (միջինը՝ 3,2 գոլ մեկ խաղում):

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 1

2. «Փյունիկն» առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց՝ զիջելով «Վանին», որի հետ VBET ՀՊԼ-ում անցկացրած նախորդ 6 հանդիպումներից 3-ում հաղթել էր, նույնքան խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկն» առայժմ կրկնում է նախորդ առաջնության մեկնարկային հանդիպումներում գրանցած արդյունքը՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Հիշեցնենք, որ 2021-22թթ. առաջնության մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ին 4-0 հաշվով հաղթելուց հետո փյունիկցիները պարտվել էին «Նորավանքին» (1-2) և «Արարատ-Արմենիային» (0-3):

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 2

3. «Ալաշկերտն» առաջնությունում առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ: Արդեն 5 խաղ է, ինչ «Ալաշկերտը» չի հաղթել «Արարատ-Արմենիային» VBET ՀՊԼ-ում: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական խաղում: Դեյան Բոլևիչի խփած միակ գոլն ապահովել էր  «Ալաշկերտի» չեմպիոնությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ: 

«Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (10 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 4 խաղերում ալաշկերտցիներն առավելագույնը վաստակել էին 8 միավոր 2015-16 և 2016-17թթ. առաջնություններում:

4. «Վանը» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակը, որը 3-րդն էր առաջնությունում: Թիմն առայժմ անպարտելի է՝ վաստակելով 10 միավոր: Այս արդյունքը ռեկորդային է VBET ՀՊԼ-ում «Վանի» պատմության մեջ ու գերազանցում է 2020-21թթ. մեկնարկային 4 հանդիպումներում թիմի ցույց տված ցուցանիշը: Այդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում նորամուտը նշած «Վանը» Սևադա Արզումանյանի գլխավորությամբ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տարել («Գանձասար-Կապան»՝ 2-1, «Փյունիկ»՝ 1-0, «Լոռի»՝ 1-0), իսկ 4-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 3

5. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով հաղթանակ տարած առաջին թիմն է: Դմիտրի Գունկոյի սաները 6-0 հաշվով ջախջախեցին «Նոային»: ՀՀ առաջնություններում «Ուրարտուն», որ նախկինում ուներ «Բանանց» անվանումը, ամենախոշոր հաշվով հաղթանակները տարել է Աշտարակի «Քասախի» (13-1՝ 1993թ.) և Երևանի «Կիլիկիայի» (12-0՝ 1992թ.) նկատմամբ:

6. «Նոան» կրկնեց VBET ՀՊԼ-ում իր ամենախոշոր հաշվով պարտություններից մեկի հակառեկորդը՝ 6 անպատասխան գնդակ ընդունելով «Ուրարտուից»: Նախկինում «Նոան» Բարձրագույն խմբում 0-6 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին» 2018-19թթ. առաջնությունում, երբ խաղում էր «Արցախ» անվանումով: Նախորդ առաջնության մեկնարկային խաղում էլ «Նոան» 1-7 հաշվով զիջել էր «Արարատին»:
«Ուրարտուի» հետ խաղում գրանցված 3-րդ գոլը, որի հեղինակը Մաքսիմ Մայրովիչն էր, VBET ՀՊԼ-ում «Նոայի» բաց թողած 150-րդ գնդակն էր:

7. Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասները՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Միակ գոլն արարատցիները խփել էն «Փյունիկի» դարպասը մեկնարկային խաղի 71-րդ րոպեին: Աչքի էր ընկել Ռազմիկ Հակոբյանը: Դրանից հետո արարատցիների մոտ 289 րոպե տևողությամբ գոլային երաշտ է սկսվել:

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 4
8. Ուկրաինացի Դմիտրո Խլյոբասն ընդամենը 5 րոպեում 3 անգամ գրավեց «Նոայի» դարպասը՝ դառնալով ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը: Նա 4 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության մեկնարկային 4 տուրերից հետո ամենաարդյունավետը «Սևանի» ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն էր, որը 5 գոլ էր խփել: Նա մեկնարկային տուրում «Վանի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: 

VBET ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր քանակով (7) Դմիտրո Խլյոբասը դարձավ ՀՀ առաջնություններում ելույթ ունեցած ամենաարդյունավետ ուկրաինացի ֆուտբոլիստը: Մինչև այդ լավագույն արդյունքն ունեին «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Վասիլի Պալագնյուկն ու «Արարատում» և «Նոայում» ելույթ ունեցած Դենիս Դեդեչկոն, որոնք 6-ական գոլի հեղինակ էին դարձել:

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 5

28-ամյա Խլյոբասը նաև արդյունավետության տարիքային ռեկորդ սահմանեց: 2022թ. VBET ՀՊԼ-ում նրա հաշվին 7 գոլ է գրանցված (3-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում): «Ուրարտուի» լեգեոնականներից այդ տարիքում առավել արդյունավետ էր գործել Եվգենի Կոբզարը՝ խփելով 5 գոլ:

9. Խուան Պալասիոն («Լեռնային Արցախ»), Լեոն Սաբուան («Ուրարտու») և Պավել Գորելովը («Վան») բացեցին գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում: Գորելովը դարձավ VBET ՀՊԼ-ում «Վանում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա «Փյունիկի» դարպասը գրավեց 19 տարեկան, 211 օրականում: Գորելովը գերազանցեց Ջոսուե Գաբայի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 19 տարեկան, 332 օրականում:

10. «Ալաշկերտի» հետ խաղում Գևորգ Ղազարյանը նորամուտը նշեց «Արարատ-Արմենիայում»՝ անցկացնելով VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումը: «Արարատ-Արմենիան» 11-րդ ակումբն էր, որի մարզաշապիկը Ղազարյանը հագավ ֆուտբոլային հարուստ կարիերայում: Նա այդ թիմերի կազմերում մասնակցել է 6 երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հունաստանի, Պորտուգալիայի և Կիպրոսի առաջնություններին:

VBET ՀՊԼ-ի 4-րդ տուր 6

Նորամուտի խաղում Գևորգ Ղազարյանն ուշագրավ ցուցանիշ գրանցեց՝ դառնալով  VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» ելույթ ունեցած ամենատարեց հայ ֆուտբոլիստը: Խաղի օրը Ղազարյանը 34 տարեկան, 136 օրական էր: Նա գերազանցեց Ալեքսանդր Կարապետյանի ցուցանիշը, որն անցյալ տարվա մայիսի 28-ին «Ալաշկերտի» հետ «Արարատ-Արմենիայում» անցկացրած իր վերջին խաղում 33 տարեկան, 156 օրական էր:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ