«Ալաշկերտ» - «Շիրակ»
Սեպտեմբերի 2, ժամը՝ 17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
35 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 13 անգամ, «Շիրակը»՝ 10, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 44-37
«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (13 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (4 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ալաշկերտը» շարունակում է հաջող ելույթներն առաջնությունում՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Նախորդ տուրում ալաշկերտցիներն ընթացիկ առաջնությունում 4-րդ հաղթանակը տոնեցին՝ 4-2 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Ընդ որում, մրցակիցն էր բացել հաշիվը:
«Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (13 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 5 խաղերում ալաշկերտցիներն առավելագույնը վաստակել էին 11 միավոր 2015-16թթ. առաջնությունում, որում ևս անպարտելի էին: Հայաստանի քառակի չեմպիոնը մեկնարկում բոլորից արդյունավետ է գործում՝ 5 խաղում խփելով 12 գոլ: Դա 2017-18թթ. առաջնությունում թիմի ցույց տված լավագույն արդյունքի կրկնությունն է:
2. «Շիրակն» առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով «Արարատ-Արմենիայի» հետ խաղում: Վերջին 4 հանդիպումներում գյումրեցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ կրելով 3 պարտություն: Մեկնարկային տուրում ԲԿՄԱ-ի դարպասը 59-րդ րոպեին Մանվել Մրյանի խփած գոլն առայժմ միակն է: «Շիրակի» գոլային երաշտն արդեն հասել է 391 րոպեի:
3. Մրցակիցների միջև VBET ՀՊԼ-ում նախորդ հանդիպումը կայացել է անցյալ տարվա ապրիլի 11-ին Գյումրիում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: 2020-21թթ. առաջնությունում «Ալաշկերտին» չէր հաջողվել հաղթել «Շիրակին»՝ 3 խաղերն էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Ալաշկերտն» այս մրցակցին հաղթել է 2019-20թթ. առաջնության ավարտական տուրում՝ 2020թ. հուլիսի 14-ին Գյումրիում կայացած խաղում առավելության հասնելով 4-2 հաշվով:
4. «Ալաշկերտն» օրերս երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագրերն Ալեքսանդր Կարապետյանի և Դավիթ Խուրցիձեի հետ: Կարապետյանը ելույթները կշարունակի «Փյունիկում»: Նա «Ալաշկերտին» միացել էր անցյալ տարվա ձմռանը: Նախորդ առաջնության գարնանային հատվածում Կարապետյանն ընդամենը 3 խաղի էր մասնակցել ու ծանր վնասվածքի պատճառով այլևս խաղադաշտ դուրս չէր եկել: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի հարձակվողը կրկին 3 խաղ է անցկացրել «Ալաշկերտում»:
Հայաստանում Ալեքսանդր Կարապետյանը ելույթները սկսել էր «Արարատ-Արմենիայում» 2020-21թթ. առաջնության գարնանային հատվածում, որի ավարտից հետո տեղափոխվել էր «Նոա»: VBET ՀՊԼ-ում Կարապետյանն մասնակցել է 29 խաղի և խփել է 8 գոլ:
Վրացի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն «Ալաշկերտում» նորամուտը նշել էր նախորդ առաջնության մեկնարկային խաղում: Մինչև այդ նա երկու մրցաշրջան խաղացել էր «Արարատում»: Իսկ ավելի վաղ՝ 2014-15թթ. մրցաշրջանում Խուրցիձեն ելույթ էր ունեցել «Ուլիսում»: VBET ՀՊԼ-ում Խուրցիձեն մասնակցել է 101 խաղի, խփել է 13 գոլ:
5. Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտում» արդյունավետությամբ աչքի է ընկնում թիմի նորեկ, կոլումբիացի հարձակվող Բլադիմիր Դիասը, որն անցկացրած 5 հանդիպումներում 4 գոլ է խփել: 2-ական գոլի հեղինակ են դարձել Արտակ Եդիգարյանն ու թիմ վերադարձած Տիագո Գալվաոն:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:
«Շիրակ»՝ Սերժ Դեբլե, Մորի Կոնե - 4-ական գոլ:
«Վան» - «Արարատ-Արմենիա»
Սեպտեմբերի 2, ժամը՝ 17:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
7 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 5, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-12
«Վան»՝ 2-րդ տեղ (10 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (7 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանը» նախորդ տուրում առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով VBET ՀՊԼ-ում իր ամենաանհարմար մրցակից «Արարատին», որին առայժմ չի հաղթել: Վերջինիս հետ անցկացրած 8 հանդիպումներից 5-ում «Վանը» պարտվել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: Չնայած անհաջողությանը, «Վանի» ներկայիս արդյունքը (10 միավոր) ռեկորդային է VBET ՀՊԼ-ում թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 5 հանդիպումներում «Վանն» առավելագույնը 9 միավոր էր վաստակել 2020-21թթ. առաջնությունում:
2. «Արարատ-Արմենիան» վերջապես աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ «Շիրակի» հետ նախորդ տուրի մրցավեճում տանելով խոշոր հաշվով առաջին հաղթանակը (3-0): Հետաքրքիր է, որ «Արարատ-Արմենիան» շիրակցիների հետ հանդիպմանը նախորդած երեք խաղերում էր ընդհանուր առմամբ 3 գոլ խփել («Ուրարտու»՝ 0-1, «Արարատ»՝ 2-0, «Ալաշկերտ»՝ 1-1):
3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելության էր հասել «Արարատ-Արմենիան», որը 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր, մեկում պարտություն էր կրել: VBET ՀՊԼ-ում մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին: Սերգեյ Վակուլենկոյի խփած միակ գոլը հաղթանակ է պարգևել Հայաստանի կրկնակի չեմպիոնին: Այդ հանդիպումը հիշարժան էր Մաիլսոն Լիմայի համար, որն «Արարատ-Արմենիայում» պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց ու Արմեն Համբարձումյանից հետո դարձավ նման ցուցանիշ գրանցած թիմի 2-րդ ֆուտբոլիստը:
4. «Վանի» հետ հանդիպումը Վարդան Բիչախչյանի մարզչական կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղն է: Դրանցից 305-ը փորձառու մասնագետն անցկացրել է «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում: Առաջնության 40 խաղում նա գլխավորել է «Արարատը», իսկ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին Բիչախչյանը 5-րդ անգամ խաղադաշտ դուրս կբերի VBET ՀՊԼ-ում:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում 30-ամյա Վբեյմար Անգուլոն VBET ՀՊԼ-ում 170-րդ խաղը կանցկացնի ու լեգեոնականների շրջանում տարիքային ռեկորդ կսահմանի: Նա կգերազանցի «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվայի ռեկորդային ցուցանիշը, որն այդ տարիքում Հայաստանի առաջնություններում խաղացած լեգեոնականներից առավել շատ՝ 169 խաղ էր անցկացրել: Ալեքսը VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (230) լեգեոնականներից լավագույն արդյունքն ունի:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո - 3 գոլ:
«Նոա» - «Արարատ»
Սեպտեմբերի 3, ժամը՝ 17:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ
15 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Արարատը»՝ 3, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-18
«Նոա»՝ 10-րդ տեղ (1 միավոր), «Արարատ»՝ 6-րդ տեղ (7 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Նոան» «Փյունիկի» հետ նախորդ տուրի հանդիպմանը նախապատրաստվել էր նոր գլխավոր մարզչի՝ Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ: Վերջինիս նորամուտն անհաջող ստացվեց: «Նոան» 0-3 հաշվով զիջեց «Փյունիկին»՝ կրելով առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ պարտությունը: Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Նոան» Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ 6 անպատասխան գնդակ էր ընդունել «Ուրարտուից»:
Մեկնարկային 5 հանդիպումներում «Նոան» ընդամենը 1 միավոր է վաստակել, ինչը վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ VBET ՀՊԼ-ում: Մինչև այդ վատագույն արդյունքը «Նոան» գրանցել էր նախորդ մրցաշրջանում՝ Գրիգորի Միխայլուկի գլխավորությամբ 5 խաղում վաստակելով 4 միավոր:
2. Իսկ ահա «Արարատի» համար 5-րդ տուրը հաջող էր: Արարատցիներն առաջնությունում 2-րդ հաղթանակը տարան՝ Ալիկ Առաքելյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնելով «Վանի» նկատմամբ: Առաջին հաղթանակն «Արարատը» տարել էր մեկնարկային տուրում «Փյունիկի» դարպասը Ռազմիկ Հակոբյանի խփած միակ գոլի շնորհիվ:
«Արարատի» համար հաճելի ավանդույթը չխախտվեց: Մրցակիցների միջև կայացած 8-րդ խաղում էլ «Վանին» չհաջողվեց հաղթել՝ կրելով 5-րդ պարտությունը: Մնացած 3 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:
3. Մինչև նախորդ մրցաշրջանի մեկնարկը, մրցակիցների դիմակայության վերջին 6 հանդիպումներում «Արարատին» չէր հաջողվել հաղթել «Նոային»՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում միայն 2020-21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց կրկին գրավել «Նոայի» դարպասը: Իսկ մինչև այդ 363 րոպե շարունակ «Նոայի» դարպասը փակ էր «Արարատի» համար: Վերջին հաղթանակն էլ «Նոայի» նկատմամբ «Արարատը» տոնել էր 2019թ. սեպտեմբերի 15-ին Գեորգի Չելիձեի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Իսկ ահա նախորդ առաջնությունում արդեն «Նոային» չհաջողվեց հաղթել «Արարատին»՝ կրելով մեկ պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում առաջնության մեկնարկային տուրում «Նոան» «Արարատից» VBET ՀՊԼ-ում իր ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը կրեց՝ զիջելով 1-7 հաշվով:
5. Հետաքրքիր է, որ Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր հենց «Արարատի» հետ 2021թ. ապրիլի 7-ին կայացած խաղում, որում նրա գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Ռոբերտ Արզումանյանի օրոք «Ուրարտուն» «Արարատի» հետ 6 հանդիպումներում 2-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն է գրանցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան - 3 գոլ:
«Արարատ»՝ Դոնիմանի Յակուբա Սիլուե, Էդգար Մալաքյան - 3-ական գոլ:
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»
Սեպտեմբերի 3, ժամը՝ 17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
18 խաղ, «Փյունիկը» հաղթել է 17 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 52-7
«Փյունիկ»՝ 7-րդ տեղ (6 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 5-րդ տեղ (7 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Լեռնային Արցախի» հետ հանդիպումը խաղացանկով նախատեսված էր Վայքում, սակայն «Փյունիկի» ղեկավարության խնդրանքով տեղափոխվեց Երևան, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում է լինելու Հայաստանի գործող չեմպիոնը: Այս հանդիպումը փյունիկցիների համար վերջին փորձամրցումն է սեպտեմբերի 8-ին Բազելում տեղի համանուն թիմի հետ կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղից առաջ: Ուստի բացառված չէ, որ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ Եղիշե Մելիքյանը վերջապես խաղադաշտ դուրս բերի թիմի հիմնական կազմը:
2. Նախորդ տուրում փյունիկցիները վերջապես իրենց երկրպագուներին ուրախացրին արդյունավետ խաղով՝ 3-0 հաշվով հաղթելով «Նոային»: Այդ խաղում «Փյունիկի» կազմում նորամուտը նշեց 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը: ԲԿՄԱ-ից «Փյունիկ» է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը:
«Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը «Շիրակի» նկատմամբ էր Արտակ Դաշյանի խփած միակ գոլի շնորհիվ:
3. «Լեռնային Արցախն» էլ առաջնությունում 2-րդ հաղթանակը տարավ՝ հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ: Իսկ առաջին հաղթանակն արցախցիները տարել էին 2-րդ տուրում՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Նոային»:
4. 17 տարվա ընդմիջումից հետո մրցակիցները կրկին մրցավեճի կբռնվեն Բարձրագույն խմբի առաջնությունում: Նրանց վերջին հանդիպումը կայացել է 2005թ. հունիսի 16-ին և ավարտվել է «Փյունիկի» հերթական հաղթանակով՝ 3-1: Իսկ թիմերի առաջին ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ դարում՝ 1993թ. օգոստոսի 28-ին: Այն ժամանակ «Փյունիկն» ուներ «Հոմենընդմեն» անվանումը, իսկ «Լեռնային Արցախը» խաղում էր «Երազանք» անվամբ: «Հոմենընդմենը» 6-1 հաշվով ջախջախեց մրցակցին: Առաջին գոլի հեղինակ դարձավ Արսեն Ավետիսյանը:
5. Մրցակիցների դիմակայությունում «Փյունիկը» բացահայտ առավելության է հասել «Լեռնային Արցախի» նկատմամբ: 1993-1997թթ. թիմերի միջև անցկացված առաջնության բոլոր՝ 10 խաղերում էլ հաղթել է «Փյունիկը»: Եվ միայն 1998թ. առաջնության առաջին շրջանի խաղում է արցախցիներին հաջողվել առաջին միավորը վաստակել գրանցված միակ ոչ-ոքիի (1-1) շնորհիվ: Դրանից հետո կայացած հաջորդ 7 խաղերում կրկին հաղթել է «Փյունիկը»: Հանդիպումներից 6-ում փյունիկցիները մրցակցին պարտության են մատնել խոշոր հաշվով: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2001թ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 6-0: Փյունիկցիներից Արսեն Ավետիսյանին և Արման Քարամյանին մեկական անգամ հաջողվել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 8 գոլ:
ԲԿՄԱ - «Ուրարտու»
Սեպտեմբերի 4, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
4 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-12
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (3 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (9 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի մրցավեճում ԲԿՄԱ-ն թեև բացել էր հաշիվը, սակայն ի վերջո խաղադաշտից պարտված հեռացավ (2-4): Բանակայիններն առաջնությունում 2-րդ պարտությունը կրեցին մեկնարկային տուրում «Շիրակին» զիջելուց հետո: Իսկ մինչև «Ալաշկերտի» հետ հանդիպումը, ԲԿՄԱ-ն նախորդ 3 խաղերն ավարտել էր ոչ-ոքի («Վան»՝ 2-2, «Նոա»՝ 2-2, «Լեռնային Արցախ»՝ 1-1):
2. Հաջող մեկնարկից հետո «Ուրարտուն» վերջին 3 հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Լեռնային Արցախին»: Դա Հայաստանի առաջնություններում արցախցիներից «Ուրարտուի» կրած առաջին պարտությունն էր: Իսկ նախկինում մրցակիցների միջև կայացած բոլոր 9 խաղերն էլ ավարտվել էին «Ուրարտուի» (նախկին «Բանանցի») հաղթանակով:
3. «Ուրարտուն» Հայաստանի առաջնություններում ԲԿՄԱ-ի ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ անցկացրած բոլոր 4 խաղերում էլ բանակայինները պարտվել են: Ընդ որում 2 անգամ ԲԿՄԱ-ն մրցակցին զիջել է խոշոր հաշվով (0-5, 1-4):
4. «Արարատ-Արմենիայից» ԲԿՄԱ վերադարձած Ժիրայր Շաղոյանն առաջնության մեկնարկի հայտնություններից մեկն է: Վերջին 4 հանդիպումներում նա դաշտից չի հեռացել առանց գոլի՝ ընդհանուր առմամբ խփելով 5 գնդակ: Շաղոյանը գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի լավագույն ռմբարկուների՝ Սերժ Դեբլեի և Անդրե Մենսալաոյի հաշվին ևս մեկնարկային 5 հանդիպումներում նույնքան գոլ էր գրանցվել:
Ի դեպ, նախորդ առաջնության ավարտական խաղում «Արարատի» դարպասը Շաղոյանի խփած գոլն «Armenian Soccer-ի» անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է լավագույնը: Օգոստոսի 30-ին երիտասարդ ֆուտբոլիստին հանձնվեց նախատեսված մրցանակը:
5. «Լեռնային Արցախի» հետ նախորդ տուրի խաղում «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն ինքնատիպ հակառեկորդի հեղինակ էր դարձել՝ երկու անգամ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Նա Հայաստանի առաջնությունների պատմության մեջ մեկ խաղում երկու ինքնագոլ գրանցած առաջին ֆուտբոլիստն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե - 3 գոլ: