VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 6-րդ տուրում «Ալաշկերտն» ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը, «Արարատ-Արմենիան» էլ կրկին աչքի ընկավ արդյունավետ խաղով:
VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ դաշտի տերերն ու հյուրերը տուրում հավասար՝ 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 29 հանդիպումներից միայն 8-ում են դաշտի տերերը հաղթել, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Արդյունավետությամբ 6-րդ տուրը երկրորդն էր ընթացիկ առաջնությունում: 5 խաղում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ): Հիշեցնենք, որ առայժմ ամենաարդյունավետը նախորդ տուրն էր, որում գրանցվել էր 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,6 գոլ): Առաջնության 29 հանդիպումներում խփվել է 71 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ):

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 6 տուրերում անցկացված 28 հանդիպումներում գրանցվել էր 89 գոլ (միջինը՝ 3,1 գոլ մեկ խաղում):
2. «Ալաշկերտը» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակը, որը 5-րդն էր ընթացիկ առաջնությունում: «Ալաշկերտը» շարունակում է թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշների գրանցումը: Տարած հաղթանակների (5), խփած գնդակների (15), վաստակած միավորների (16) քանակը, խփած և բաց թողած գոլերի տարբերությունը (+9) ռեկորդային է թիմի պատմության մեջ: Նախորդ լավագույն ցուցանիշներն այսպիսին էին. 4 հաղթանակ (2015-16թթ.), 13 գոլ (2017-18, 2019-20թթ.), 14 միավոր (2015-16թթ.), +8 (2015-16թթ.):
3. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Դա VBET ՀՊԼ-ում «Վանի» նկատմամբ «Արարատ-Արմենիայի» տարած խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա մարտի 18-ին Երևանում կայացած խաղում (3-0), ընդ որում, 61-րդ րոպեին Զաքարիա Սանոգոյի հեռացումից հետո «Արարատ-Արմենիան» խաղադաշտում 10 ֆուտբոլիստով էր մնացել:

4. «Ալաշկերտի» կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը 2-րդ անընդմեջ խաղում դուբլ ձևակերպեց և 6 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Հետաքրքիր է, որ այդ խաղերում նա խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո: Դիասը դեռ առաջնությունում ամբողջական հանդիպում չի անցկացրել՝ խաղադաշտում գտնվելով ընդամենը 326 րոպե:
Բլադիմիր Դիասն ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում: Հայաստանում ելույթ ունեցած կոլումբացիներից Դիասն արդյունավետությամբ առայժմ զիջում է միայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյին, որի հաշվին 9 գոլ է գրանցված:
5. Մաքսիմ Մայրովիչը դարձավ ընթացիկ առաջնության 2-րդ հեթ-տրիկի հեղինակը: Հետաքրքիր է, որ առաջին հեթ-տրիկն էլ գրանցվել էր «Ուրարտուի» մեկ այլ ֆուտբոլիստ Դմիտրո Խլյոբասի օգտին 4-րդ տուրում «Նոայի» հետ կայացած խաղում: VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստներից նախկինում հեթ-տրիկ էր ձևակերպել նաև Ջոնել Դեսիրեն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին սեփական դաշտում կայացած խաղում (5-0):

Մայրովիչը 5 գոլով գլխավորեց «Ուրարտուի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով Դմիտրո Խլյոբասին: VBET ՀՊԼ-ում խփած 27 գնդակով ռուսաստանցի հարձակվողն ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Մայրովիչը Ջոնել Դեսիրեի հետ 3 գնդակով ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է:
6. Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում երկրորդ 11մ հարվածը դիպուկ իրացրեց՝ խփելով 3-րդ գոլը: VBET ՀՊԼ-ում նրա հաշվին 54 գոլ է գրանցված: Հետաքրքիր է, որ Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում Եդիգարյանը շրջանցեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանին և Լևոն Ստեփանյանի ու Աշոտ Բարսեղյանի հետ բաժանում է 44-46-րդ տեղերը:
7. Ջոնաթան Դուարտեն ընթացիկ առաջնությունում բացեց գոլերի հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ: VBET ՀՊԼ-ում խփած 6 գնդակով նա ընդգրկվեց «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում: Կոլումբացի ֆուտբոլիստն ընդգրկվեց նաև Հայաստանի առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում:
8. Լուկա Յուրիչիչը բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում» նաև VBET ՀՊԼ-ում: Մինչև այդ բոսնիացի հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ հյուրընկալվելիս անցկացրած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում:

9. «Վանի» հետ հանդիպումը Վարդան Բիչախչյանի մարզչական կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղն էր: Դրանցից 305-ը փորձառու մասնագետն անցկացրել է «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում: Առաջնության 40 խաղում նա գլխավորել է «Արարատը», իսկ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին Բիչախչյանը 5-րդ անգամ խաղադաշտ դուրս բերեց VBET ՀՊԼ-ում:
Մարզչական կարիերայում Բիչախչյանը 146-րդ հաղթանակը տարավ: Մնացած հանդիպումներից 92-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 112-ում գյումրեցի մասնագետի գլխավորած թիմերը պարտվել են:
10. Ալեքսանդր Կարապետյանն ու հյուսիսմակեդոնացի Ստեֆան Սպիրովսկին նորամուտը նշեցին «Փյունիկում»: Առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում Եղիշե Մելիքյանն արդեն խաղադաշտ է դուրս բերել 27 ֆուտբոլիստի: Հետաքրքիր է, որ նրանցից ոչ մեկին չի հաջողվել մասնակցել բոլոր 5 խաղերին:


