«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»
Օգոստոսի 28, ժամը՝ 20:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
9 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-7
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (9 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (4 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ուրարտուն» դարձել էր ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով հաղթանակ տարած առաջին թիմը: Դմիտրի Գունկոյի գլխավորած ֆուտբոլիստները 6-0 հաշվով ջախջախել էին «Նոային»: Դա թիմի պատմության մեջ բնավ էլ ամենաբարձր արդյունավետությունը չէր: Հայաստանի առաջնություններում «Ուրարտուն», որ նախկինում ուներ «Բանանց» անվանումը, ամենախոշոր հաշվով հաղթանակները տարել է Աշտարակի «Քասախի» (13-1՝ 1993թ.) և Երևանի «Կիլիկիայի» (12-0՝ 1992թ.) նկատմամբ:
2. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում ոչ-ոքի (1-1) խաղաց ԲԿՄԱ-ի հետ: Եվ կրկին հանդիպման ավելացված ժամանակը ճակատագրական եղավ արցախցիների համար, որոնք ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Մինչև այդ էլ «Վանի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում «Լեռնային Արցախը» միակ գոլը բաց էր թողել ավելացված ժամանակում՝ ցավալի պարտություններ կրելով: Ճիշտ է, «Նոայի» հետ 2-րդ տուրի խաղում էլ «Լեռնային Արցախն» էր հաղթական միակ գնդակը խփել խաղավերջում:

3. Բարձրագույն խմբի առաջնություններում մրցակիցների միջև առաջին հանդիպումը կայացել է 1993թ. հունիսի 29-ին: Այդ առաջնությունում «Ուրարտուն» ելույթ էր ունենում «Բանանց» անվանմամբ, իսկ «Լեռնային Արցախն» ուներ «Երազանք» անվանումը: Այդ խաղում «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով: Դիմակայության անդրանիկ գոլը խփել էր «Բանանցի» հարձակվող Աշոտ Ավետիսյանը՝ 36-րդ րոպեին գրավելով Սպարտակ Գաբրիելյանի պաշտպանած դարպասը:
2-րդ շրջանի խաղում «Բանանցը» սեփական դաշտում մրցակցին հաղթել էր խոշոր՝ 5-1 հաշվով: Այդ խաղում արդյունավետությամբ աչքի էր ընկել Անդրանիկ Հովսեփյանը (Ռումյան Հովսեփյանի հայրը)՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
4. Հայաստանի առաջնություններում մրցակիցների նախորդ հանդիպումը կայացել է 2005թ. ապրիլի 17-ին: «Լեռնային Արցախը», որի կազմում հիմնականում «Արարատի» ֆուտբոլիստներն էին, Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվել էր «Բանանցին»:
Հետաքրքիր է, որ այդ խաղում Բարձրագույն խմբում իր նորամուտն էր նշել ներկայումս «Փյունիկում» խաղացող Արթուր Ավագյանը, որին Արկադի Անդրեասյանը 77-րդ րոպեին խաղադաշտ էր դուրս բերել Արարատ Ղազարյանի փոխարեն: «Լեռնային Արցախը» չավարտեց 2005թ. առաջնությունը՝ ելույթները դադարեցնելով 11-րդ տուրից հետո:
Մրցակիցների միջև կայացած 9 հանդիպումներից 5-ում «Ուրարտուն» հաղթել է խոշոր հաշվով: Բացի Անդրանիկ Հովսեփյանից, հեթ-տրիկի հեղինակ է դարձել նաև Գագիկ Սիմոնյանը 2001թ. առաջնությունում կայացած խաղում, որում «Բանանցը» 5-2 հաշվով հաղթել է «Ղարաբաղին»:
Հետաքրքիր է, որ այդ առաջնության 2-րդ շրջանի խաղում էլ «Բանանցը» հաղթել էր խոշոր հաշվով (4-1), և գոլերից մեկը խփել էր Եղիշե Մելիքյանը:
5. «Ուրարտուի» ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը նախորդ տուրում «Նոայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել ու 4 գնդակով գլխավորել էր թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: VBET ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր քանակով (7) Դմիտրո Խլյոբասը դարձել էր Հայաստանի առաջնություններում ելույթ ունեցած ամենաարդյունավետ ուկրաինացի ֆուտբոլիստը:
Մինչև այդ լավագույն արդյունքն ունեին «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Վասիլի Պալագնյուկն ու «Արարատում» և «Նոայում» ելույթ ունեցած Դենիս Դեդեչկոն, որոնք 6-ական գոլի հեղինակ էին դարձել:

Խլյոբասը նաև ընդգրկվել էր Հայաստանի առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Անդրանիկ Հովսեփյան, Գագիկ Սիմոնյան - 4-ական գոլ:


