Logo

VBET ՀՊԼ. «Փյունիկ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:27 / 12.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Փյունիկ» - «Շիրակ»  

13 օգոստոսի, ժ.՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, ուղիղ հեռարձակումը՝ «Վիվառո Արենա»

91 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Շիրակը»՝ 28, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 147-98:

«Փյունիկ»՝  10-րդ տեղ (0 միավոր), «Շիրակ»՝ 5-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկն» առայժմ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է եվրագավաթների վրա: Եվ դա արդարացված է: «Փյունիկն» իր պատմության մեջ եվրագավաթներում նոր նվաճումների հասավ: Նախ՝ «Փյունիկը» դարձավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճած հայկական առաջին ակումբը, իսկ այժմ էլ իր պատմության մեջ առաջին անգամ խաղալու է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ օգոստոսի 18-ին հյուրընկալելու է մոլդովական «Շերիֆին»:  

Ճիշտ է՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի երկու հանդիպումներում էլ «Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային», սակայն արժանապատիվ խաղ ցուցադրեց:

2. «Շիրակի» հետ խաղը փյունիկցիների համար վերջին փորձամրցումն է մոլդովական «Շերիֆի» հետ կայանալիք Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումից առաջ: Անշուշտ, «Փյունիկը» ձգտելու է հաղթանակ տանել և բարձր տրամադրությամբ ներկայանալ եվրագավաթային հանդիպմանը: Մանավանդ որ, Հայաստանի չեմպիոնը նոր մրցաշրջանն սկսել էր «Արարատից» նվազագույն հաշվով կրած պարտությամբ: Այդ խաղում «Փյունիկի» կազմում բացակայում էին հիմնական կազմի մի խումբ ֆուտբոլիստներ:

3. Մեկամյա ընդմիջումից հետո Բարձրագույն խումբ վերադարձած «Շիրակը» հաղթանակով սկսեց առաջնությունը՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Իսկ ահա հաջորդ տուրում Գյումրիում շիրակցիները 2 անպատասխան գնդակ ընդունեցին «Ուրարտուից»:

4. VBET ՀՊԼ-ում մրցակիցների միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 20-ին Գյումրիում և ավարտվել է փյունիկցիների՝ խոշոր հաշվով հաղթանակով (5-1): Դա Հայաստանի առաջնություններում «Շիրակի» նկատմամբ «Փյունիկի» տարած հոբելյանական՝ 50-րդ հաղթանակն էր: Իսկ Օլեգ Կոժուշկոյի խփած գնդակն էլ Բարձրագույն խմբում «Փյունիկի» հոբելյանական՝ 1650-րդ գոլն էր:

«Շիրակը» 2020-21թթ. առաջնությունում շատ անհաջող ելույթներ ունեցավ՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Ընդ որում՝ «Փյունիկի» հետ հանդիպումից առաջ 11 խաղ շիրակցիները հաղթանակի բերկրանքը չէին վայելել՝ կրելով 6 պարտություն: Հետաքրքիր է, որ առաջնությունում միակ հաղթանակը «Շիրակը» տարել էր հենց «Փյունիկի» նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին Երևանում առավելության հասնելով 2-0 հաշվով:

5. Եթե Ուրոշ Նենադովիչին հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա VBET ՀՊԼ-ում 31-րդ գոլը կխփի և կընդգրկվի Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

 «Փյունիկ»՝  Գևորգ Ղազարյան՝   11 գոլ:

«Շիրակ»՝  Արթուր  Պետրոսյան՝  8 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ