Logo

Երկու նոր դիմակայություն մեկնարկում, Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի. VBET ՀՊԼ-ի 1-ին տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:21 / 29.07.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը: Vnews-ը ներկայացնում է մեկնարկային տուրում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«Լռնային Արցախ» - «Վան»

29 հուլիսի, ժ.17:45, Վայք, Քաղաքային մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Ստեփանակերտի թիմը 17 տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացված է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: «Լեռնային Արցախը» 12-րդ մրցաշրջանն է անցկացնելու ուժեղագույնների մրցաշարում, որտեղ նախորդ անգամ խղացել է 2005թ.: Հանգամանքների բերումով այդ մրցաշրջանում «Լեռնային Արցախում» հիմնականում հանդես էին գալիս «Արարատի» ֆուտբոլիստները, թիմն էլ գլխավորում էր Արկադի Անդրեասյանը: Հետաքրքիր է, որ նրանց թվում էր այժմ «Փյունիկում» խաղացող Արթուր Ավագյանը: Այդ տարի 18-ամյա պատանին նորամուտը նշեց Բարձրագույն խմբում՝ մասնակցելով 3 խաղի:

Սակայն «Լեռնային Արցախը» չավարտեց առաջնությունը: 11-րդ տուրում «Միկայից» 0-2 հաշվով պարտությունից հետո ակումբի ղեկավարությունն իր արդարացի բողոքն արտահայտեց մրցավար Արարատ Ճաղարյանի կողմնակալ մրցավարությունից՝ վիճաբանության մեջ մտնելով նրա հետ: Ի նշան բողոքի, ակումբի ղեկավարությունը որոշեց թիմին հանել առաջնությունից: 

«Լեռնային Արցախը» 2005թ. առաջնությունում անցկացրած 11 հանդիպումներում տարել էր 3 հաղթանակ, կրել էր 8 պարտություն, խփել էր 14 գոլ, սեփական դարպասը բաց էր թողել 22 գնդակ:

2. Նախորդ մրցաշրջանում խաղալով Առաջին խմբում՝ «Լեռնային Արցախն» Արտաշես Ադամյանի գլխավորությամբ դարձել էր մրցաշարի հաղթող: 28 հանդիպումներում թիմը վաստակել էր 73 միավոր՝ տանելով 23 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 1 պարտություն: Արցախցիները խփել էին 65 գոլ, սեփական դարպասը բաց էին թողել ընդամենը 12 գնդակ: «Լեռնային Արցախը» 4 միավորով գերազանցել էր 2-րդ տեղը զբաղեցրած «Շիրակին»:

3. Նախորդ առաջնությունում «Վանը» զբաղեցրեց 8-րդ տեղը: 32 հանդիպումներում թիմը վաստակեց 25 միավոր (6 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 19 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 19-47): Առաջնությունում «Վանը» թիմային մի քանի հակառեկորդ թարմացրեց: Թիմը 6 անընդմեջ պարտություն կրեց, 12 խաղ անընդմեջ (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2-րդ խաղը) «Վանի» ֆուտբոլիստները չվայելեցին հաղթանակի բերկրանքը՝ կրելով 9 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: 7 խաղ անընդմեջ՝ 785 րոպե շարունակ, «Վանի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները:

4. «Վանի» մարզչական շտաբում կրկին փոփոխություն է տեղի ունեցել: Թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը կրկին ստանձնել է ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: «Վանի» մարզչական շտաբում է ընդգրկվել ուկրաինացի մասնագետ Ալեքսեյ Գետմանը, որն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ֆուտբոլիստների գործողությունները խաղադաշտում: Իսկ փաստաթղթով «Վանի» գլխավոր մարզիչը կրկին կլինի Արթուր Ասոյանը: 

5. Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ «Վանի» կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Թիմից հեռացել են Բենիկ Հովհաննիսյանը («Ալաշկերտ»), Արգիշտի Պետրոսյանը (ԲԿՄԱ), Արման Մելիքսեթյանը, Էրիկ Ազիզյանը (ԲԿՄԱ), Ալեքսանդր Ստեպանովը, Դմիտրի Կուզկինը, Վլադիմիր Ֆիլիպովը, Լայոնել Ադամսը, Դոմինիկո Կոպոլան, Ալիխան Մալկանդուևը և Բենիամին Նանա Տեչիեն: 

«Վանի» կազմը համալրել են Արթուր Ստեփանյանը (ԲԿՄԱ), Էդգար Մովսեսյանը (ԲԿՄԱ), Համլետ Ասոյանը և Պավել Գորելովը (Ռոստովի ակադեմիա):

 «Նոա» - «Ալաշկերտ»  

30 հուլիսի, ժ.17:45, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ

15 խաղ, «Նոան» հաղթել է 6 անգամ, «Ալաշկերտը»՝ 6,  գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  10-14

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ    

1. «Նոան» նոր մրցաշրջանում որոշել է հիմնականում ապավինել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին, ուստի առաջնության ավարտից հետո հրաժարվեց իր մի շարք փորձառու խաղացողներից: Թիմից հեռացավ նաև կարճ ժամանակով Հայաստան վերադարձած Իգոր Պիկուշչակը՝ ընդունելով ղազախական «Ակժայիկի» առաջարկը:

Նախորդ մրցաշրջանն անհաջող էր «Նոայի» համար, որը 2 տարի շարունակ Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսին արժանանալուց հետո, առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը:

2. Առաջնության մասնակից թիմերից «Նոայի» կազմն ամենաշատն է փոխվել: Թիմից հեռացել են Ալբերտ Գաբարաևը, Ալեքսեյ Չոպան, Ժորդի Մոնրոյ Արարատը, Իլյա Ուդոդովը, Ալեքս Սիմոեշ դե Օլիվեյրան, Անդրեյ Տիտովը, Թարեք Աֆկիրը, Դանու Սպատառուն, Ալեքսեյ Գրյազնովսը, Արթուր Քարտաշյանը («Օլիմպիակոս» Կիպրոս), Դմիտրի Լավրիշչևը, Գեղամ Հարությունյանը, Ռայմոնդ Անանե-Ջիասին, Սարգիս Շահինյանը («Ալաշկերտ»), Եվգենի Օանչան, Արթուր Միրոյանը և Մաքսիմ Մայրովիչը («Ուրարտու»):

Թիմի կազմը համալրել են Արթուր Դանիելյանը, Ռուբեն Հովսեփյանը («Արարատ-Արմենիա-2»), Պետրոս Աֆաջանյանը («Շիրակ»), Ալեքսանդր Նեստերովը («Ակրոն» Ռուսաստան), Կարեն Մուրադյանը («Փյունիկ-2», վարձակալությամբ), Հարություն Մելքոնյանը (ԲԿՄԱ, վարձակալությամբ), Հայկ Ղևոնդյանը, Ռուբեն Եսայանը (երկուսն էլ՝ «Ուրարտու», վարձակալությամբ), Արման Խաչատրյանը, Կարեն Նալբանդյանը, Նորայր Նիկողոսյանը (բոլորն էլ՝ «Նորավանք»), Ադամս Ֆրայդեյը («ՖԴՑ Վիստա Գելենջիկ» Ռուսաստան), Պատվական Ավետիսյանը («Արարատ-Արմենիա», վարձակալությամբ), Վահագն Հայրապետյանը, Լևոն Վարդանյանը («Փյունիկ», վարձակալությամբ):

3. «Ալաշկերտը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությանը նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ: Վերջինս մի քանի անգամ եղել է «Ալաշկերտի» մարզչական շտաբում, իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 2016/17թթ. առաջնությունում: Նրա օրոք «Ալաշկերտը» 6 հանդիպումներում տոնել էր 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի, կրել էր 1 պարտություն, խփել էր 11 գնդակ, բաց էր թողել 5 գոլ:

4. Կարեն Բարսեղյանի վերադարձն «Ալաշկերտ» անհաջող ստացվեց: Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրը չկարողացավ հաղթահարել Մալթայի «Համրուն Սպարտանսի» արգելքը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում աչքի չընկան ագրեսիվ գործողություններով և միայն Արտակ Եդիգարյանի դիպուկ հարվածի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին:

Հյուրընկալվելիս նույն Եդիգարյանի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցնելով՝ անփույթ խաղի պատճառով «Ալաշկերտը» 1-4 խոշոր հաշվով պարտություն կրեց՝ դուրս մնալով հետագա պայքարից:

5. Ավանդույթի համաձայն՝ «Ալաշկերտի» կազմը կրկին զգալի փոփոխությունների է ենթարկվել: «Ալաշկերտը» համալրել են Ռոնալդ Կուելյարը («Նասիոնալ Պոտոսի» Բոլիվիա), Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն («Ագիլաս» Սալվադոր), Բլադիմիր Դիասը (ՖԱՍ Սալվադոր), Ռումյան Հովսեփյանը («Ֆլորիանա» Մալթա), Տիագո Գալվաոն («Փյունիկ»), Սարգիս Շահինյանը («Նոա»), Աննան Մենսահը («Ուրարտու»), Սարգիս Մեթոյանը («Չիկշերեդա» Ռումինիա) և Բենիկ Հովհաննիսյանը («Վան»):

Այլևս «Ալաշկերտում»  չեն Ալեքսանդր Տեր-Թովմասյանը («Վիկտորիա Ռոսպորտ» Լյուքսեմբուրգ), Ժոզե Էմբալուն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը («Արարատ»), Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսա Օլատունջին, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Ալֆոնսե Կոջոն և Նիկիտա Տանկովը։ 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան -  4 գոլ:

«Նոա»՝ Կիրիլ Բոռ, Մաքսիմ Մայրովիչ -  2-ական գոլ:

«Փյունիկ» - «Արարատ» 

30 հուլիսի, ժ.20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ  

88 խաղ, «Փյունիկը» հաղթել է 46 անգամ, «Արարատը»՝  22, գրանցվել է 20  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 148-84

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան առաջնության մեկնարկային խաղին: Հայաստանի չեմպիոնը, Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին», պատմական նվաճման հասավ՝ հայկական թիմերից առաջինը դուրս գալով եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի որակավորման 3-րդ փուլ՝ միաժամանակ նվազագույնն ապահովելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը:

Բացառված չէ, որ Եղիշե Մելիքյանը որոշակի փոփոխություններ կկատարի թիմի մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին Բելգրադում դժվարին մրցախաղ է սպասվում «Ցրվենա Զվեզդայի» հետ: 

2. «Արարատը» նոր մրցաշրջանը սկսում է Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Վերջինիս նորամուտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող ստացվեց: «Արարատին» չհաջողվեց հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ պարտվելով մակեդոնական «Շկենդիային» (0-2, 2-2):

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատի» կազմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Թիմը համալրել են Հայկ Իշխանյանը (ԲԿՄԱ), Արման Մկրտչյանը («Նորավանք»), Գևորգ Արաբյանը («Շիրակ»), Դրիլոն Կաստրատին («Շաֆհաուզեն» Շվեյցարիա), Վարդան Արզոյանը («Ուրարտու»), Ալեքսանդր Գլիշիչը («Դինամո» Սամարղանդ, Ուզբեկստան), Գոռ Մանուկյանը («Լեռնային Արցախ»), Արտյոմ Պոտապովը («Ալաշկերտ») և Բաբու Չամը («Նորավանք»):

Թիմից հեռացել են Վսևոլոդ Երմակովը («Արարատ-Արմենիա»), Պողոս Այվազյանը, Ռոբերտ Հակոբյանը (երկուսն էլ՝ «Շիրակ») և Իգոր Ստանոևիչը: 

3. «Փյունիկին» չհաջողվեց պահպանել չեմպիոնական կազմը՝ լուրջ կորուստներ ունենալով հատկապես հարձակման գծում ի դեմս Սերժ Դեբլեի և թիմի լավագույն ռմբարկու Ուգո Ֆիրմինոյի, որոնք տեղափոխվեցին համապատասխանաբար ղազախական «Տոբոլ» և «Արարատ-Արմենիա»: Երկրի փոխչեմպիոնի կազմում կխաղան նաև Գևորգ Ղազարյանն ու Արման Հովհաննիսյանը:

«Փյունիկից» հեռացել են նաև Սերոբ Գրիգորյանը (ԲԿՄԱ), Լևոն Վարդանյանը («»Նոա», վարձակալությամբ), Տիագո Գալվաոն («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյանը, Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, Հիգոր Լեիտը, Կալու Օլիվեյրան և Խոսե Կառաբալյոն:

Նրանց փոխարեն թիմի կազմում ընդգրկվել են Ալան Աուսսին («Վերես» Ուկրաինա), Արթուր Ավագյանը («Նորավանք»), Սերգեյ Վակուլենկոն («Արարատ-Արմենիա»), Միխայիլ Կովալենկոն («Օլիմպ Դոլգոպրուդնի» Ռուսաստան), Բորիս Վարգան («Բաչկա Տոպոլա» Սերբիա), Դավիթ Դավիդյանը («Խիմկի» Ռուսաստան), Անդրե Մենսալաոն («Շկենդիա» Հս. Մակեդոնիա), Նեմանյա Մլադենովիչը («Նապրեդակ» Սերբիա), Լուկա Յուրիչիչը («Գիմպոյ» Կորեա), Մարիան Ռադեսկին («Շկուպի» Հս. Մակեդոնիա), Միլադ Ջահանին («Սեպահան» Իրան, վարձակալությամբ) և Յուսուֆ Օտուբանջոն («Արարատ-Արմենիա»), որոնցից շատերն արդեն հասցրել են եվրագավաթներում նորամուտը նշել «Փյունիկում»:

4. Վաղեմի մրցակիցների դիմակայությունում «Փյունիկը» զգալի առավելության է հասել: Բացառություն չկազմեց նաև նախորդ առաջնությունը, որում փյունիկցիները հաղթեցին 4 հանդիպումներից 3-ում: «Արարատին» հաջողվեց աշնանային հատվածի վերջին խաղում 6-2 հաշվով պարտության մատնել «Փյունիկին»: Այդ խաղում դեռևս «Արարատում» խաղացող Սերժ Դեբլեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: «Փյունիկի» կազմում էլ 3-րդ և 4-րդ շրջանի խաղերում Դեբլեն մեկական անգամ գրավել էր «Արարատի» դարպասը: 

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում փյունիկցի Արտակ Դաշյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝  Արսեն Ավետիսյան - 9 գոլ:

«Արարատ»՝  Կարեն Բարսեղյան - 5 գոլ:

ԲԿՄԱ - «Շիրակ»

31 հուլիսի,  ժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ 

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Երկարատև ընդմիջումից հետո նախորդ մրցաշրջանում VBET ՀՊԼ-ում նորամուտը նշած ԲԿՄԱ-ն թեև եզրափակեց մրցաշարային աղյուսակը, սակայն վատ տպավորություն չթողեց: Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ բանակային երիտասարդ ֆուտբոլիստները մի շարք հանդիպումներում աչքի ընկան կամային հատկանիշներով ու գրագետ գործողություններով՝ դժվարին խնդիրներ առաջադրելով մրցակիցներին:

2. ԲԿՄԱ-ի կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմի կազմը համալրել են Էրիկ Ազիզյանը, Արգիշտի Պետրոսյանը (երկուսն էլ՝ «Վան»), Սերոբ Գրիգորյանը («Փյունիկ») և Գևորգ Տարախչյանը («Նոա»):

Թիմից հեռացել են Ստյոպա Մկրտչյանը («Արարատ-Արմենիա»), Արմեն Նահապետյանը («Նոա»), Արտյոմ Գյուրջյանը, Մարտին Գրիգորյանը, Արթուր Ստեփանյանը («Վան»), Հարություն Մելքոնյանը («Նոա»), Էրիկ Սիմոնյանը  («Ուրարտու») և Հայկ Իշխանյանը («Արարատ»)։

3. Մեկամյա ընդմիջումից հետո «Շիրակը» կրկին մասնակցելու է VBET ՀՊԼ-ին: 2020/21թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Շիրակը» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց մասնակցել Հայաստանի առաջնությանը՝ նախընտրելով խաղալ Առաջին խմբում: Մինչև այդ «Շիրակը» միակ թիմն էր, որ մասնակցել էր Բարձրագույն խմբի բոլոր առաջնություններին:

Առաջին խմբի մրցաշարում գյումրեցիները Տիգրան Դավթյանի գլխավորությամբ անցկացրած 28 հանդիպումներում 69 միավորով (22 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 83-19) զբաղեցրին 2-րդ տեղը՝ 4 միավորով հետ մնալով մրցաշարի հաղթող «Լեռնային Արցախից»:

Նոր մրցաշրջանում Տիգրան Դավթյանին կօգնի Էդգար Թորոսյանը, որը նախորդ առաջնության գարնանային հատվածում գլխավորում էր «Արարատը»: 

4. «Շիրակի» կազմում առայժմ փոփոխությունները զգալի չեն: «Արարատից» թիմ է վերադարձել Ռոբերտ Հակոբյանը: Գյումրեցիների կազմում են նաև Ալեքսա Վիդիչը և «Արարատի» դարպասապահ Պողոս Այվազյանը: 
Հակոբ Վարդանյանն անցել է մարզչական աշխատանքի, Գևորգ Արաբյանը տեղափոխվել է  «Արարատ», Պետրոս Աֆաջանյանն էլ միացել է «Նոային»: 

5. VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու: 1996/97թթ. առաջնությունում ԲԿՄԱ-ի և «Շիրակի» հանդիպումը նշանակված էր 1996թ. հոկտեմբերի 13-ին: Սակայն ԲԿՄԱ-ն Գյումրի չմեկնեց և թիմին տեխնիկական պարտություն գրանցվեց: Իսկ առաջին շրջանի ավարտից հետո ԲԿՄԱ-ն լուծարվեց:

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում հուլիսի 13-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցակիցների միջև կայացած ընկերական խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Երկու գոլերն էլ խփվեցին 11մ հարվածով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի նորեկ Գևորգ Տարախչյանը, ընդմիջումից հետո Արտեմ Գևորգյանը վերականգնեց հավասարակշռությունը:

«Շիրակը» ևս երկու ընկերական խաղ է անցկացրել: Գյումրեցիները նախ 2-3 հաշվով պարտվել են «Նոային», ապա գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել «Վանի» հետ:

ԲԿՄԱ-ն մրցել է նաև «Նոայի» (2-3), «Վանի» (0-0), «Ալաշկերտի» (0-0) և «Լեռնային Արցախի» (0-2) հետ: 

«Ուրարտու»  - «Արարատ-Արմենիա» 

31 հուլիսի,  ժ.20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

13 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 5, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  9-15

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» նոր մրցաշրջանին նախապատրաստվել է Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ, որը փոխարինել է Ռոբերտ Արզումանյանին: Վերջինիս օրոք «Ուրարտուն» նախորդ առաջնությունը եզրափակել էր 5-րդ հորիզոնականում: Փաստորեն, հենց առաջնության մեկնարկում Դմիտրի Գունկոն իր նախկին թիմի դեմ մրցավեճում է նշելու նորամուտն «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում:

«Ուրարտուն» լուրջ կորուստներ է կրել: Խոսքը թիմից հեռացած Ջոնել Դեսիրեի, Հակոբ Հակոբյանի և նախորդ առաջնությունում 10 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանի մասին է: «Ուրարտուի» կազմում չեն նաև Աննան Մենսահը («Ալաշկերտ»), Արմեն Մանուչարյանն ու Սալոմոն Նիրիսարիկեն:

Թիմը համալրած ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է նշել «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչին և լեհական «Յագելոնիայից» հարազատ կոլեկտիվ վերադարձած Նարեկ Գրիգորյանին: «Ուրարտուի» կազմում կխաղան նաև Եվգենի Նազարովը («Բոհեմիանս-1905» Չեխիա), Էվերսոն Պերեյրան («Գոյաս» Բրազիլիա), Լեոն Սաբուան («Կրասնոդար» Ռուսաստան) և Էրիկ Սիմոնյանը (ԲԿՄԱ):

2. «Արարատ-Արմենիան» ևս 31-րդ առաջնությանը ներկայանում է նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ: Ի տարբերություն Գունկոյի, Վարդան Բիչախչյանը պաշտոնական մրցումներում արդեն նշել է նորամուտն «Արարատ-Արմենիայի» ղեկին: Ցավոք, այն անհաջող էր փորձառու մասնագետի համար: Գյումրեցի մարզիչի թիմը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում չկարողացավ հաղթահարել էստոնական «Պայդեի» արգելքը (0-0, 0-0)՝ մրցակցին զիջելով հետխաղյա 11մ հարվածաշարում: Հավանաբար, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ընկճվի անհաջողությունից և կձգտեն առաջնության մեկնարկը հաղթանակով նշանավորել:

3. «Արարատ-Արմենիան» բավական լավ համալրում է ստացել: «Փյունիկից» փոխչեմպիոնի կազմը համալրել են այդ թիմի ռմբարկու Ուգո Ֆիրմինոն, փորձառու ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Արման Հովհաննիսյանը: Թիմում հանդես կգան նաև «Արարատի» նախկին դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, «Ուրարտուի» նախկին ավագ Հակոբ Հակոբյանը, Միլոշ Ստամենկովիչը («Ակժայիկ» Ղազախստան), Յենե Տենտոնը  («Նորավանք»), Ագդոն Մենեզեսը  և Ստյոպա Մկրտչյանը (ԲԿՄԱ):  

«Արարատ-Արմենիայից» հեռացել են Վալերիո Վիմերկատին, Սերգեյ Վակուլենկոն («Փյունիկ»), Զաքարիա Սանոգոն, Եգոր Կլիմենչուկը և Յուսուֆ Օտուբանջոն («Փյունիկ»):

4. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Արարատ-Արմենիային»՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», նույնքան անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Իսկ մինչև այդ Հայաստանի կրկնակի չեմպիոնին 4 խաղ շարունակ չէր հաջողվել առավելության հասնել «Ուրարտուի»  նկատմամբ՝ կրելով մեկ պարտություն ու գրանցելով 3 ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մարտի 2-ին կայացած խաղում Իգոր Պադերինի խփած միակ գոլի շնորհիվ:

5. «Արարատ-Արմենիայի» կազմում նորամուտը նշելու դեպքում Գևորգ Ղազարյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» խաղացած ամենատարեց հայ ֆուտբոլիստը (34 տարեկան, 116 օրական): Այդ ցուցանիշով Ղազարյանը կզիջի միայն թիմի նախկին լեգեոնական Յոան Գուֆրանին, որն իր վերջին ելույթն ունեցել է 35 տարեկան 92 օրականում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Արարատ-Արմենիա»՝  Մաիլսոն Լիմա - 4 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ