Logo

Ժիրայր Մարգարյանի ինքնատիպ հակառեկորդը, Շաղոյանի արդյունավետ խաղերի շարքը. VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:54 / 30.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 5-րդ տուրն ի հայտ բերեց առաջատարին՝ «Ալաշկերտին», իսկ «Վանն» առաջին պարտությունը կրեց: 

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, 2 խաղում պարտվեցին: Առաջնությունում կայացած 24 հանդիպումներից միայն 6-ում են դաշտի տերերը հաղթել, 13-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

5-րդ տուրը նաև ամենաարդյունավետն էր ընթացիկ առաջնությունում: 5 խաղում խփվեց 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,6 գոլ): Մինչև այդ ամենաշատ գոլեր (11-ական) գրանցվել էր 1-ին և 4-րդ տուրերում: Առաջնության 24 հանդիպումներում խփվել է 58 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): 

VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր-1

Արդյունավետությամբ ընթացիկ առաջնությունը դեռ զիջում է նախորդին: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 5 տուրերում անցկացված 23 հանդիպումներում գրանցվել էր 75 գոլ (միջինը՝ 3,2 գոլ մեկ խաղում):

2. «Ալաշկերտն» առաջնությունում 4-րդ հաղթանակը տարավ՝ VBET ՀՊԼ-ում 5-րդ անգամ պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: «Ալաշկերտը» միակ թիմն է, որ դեռևս չի պարտվել: «Ալաշկերտի» այս արդյունքը (13 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 5 խաղերում ալաշկերտցիներն առավելագույնը վաստակել էին 11 միավոր 2015-16թթ. առաջնությունում, որում ևս անպարտելի էին: Ալաշկերտցիները մեկնարկում բոլորից արդյունավետ են գործում՝ 5 խաղում խփելով 12 գոլ: Դա 2017-18թթ. առաջնությունում թիմի ցույց տված լավագույն արդյունքի կրկնությունն է:

3. «Վանն» առաջնությունում առաջին պարտությունը կրեց: VBET ՀՊԼ-ում «Վանին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթել «Արարատին», որի հետ անցկացրած 8 հանդիպումներից 5-ում պարտվել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: Չնայած անհաջողությանը՝ «Վանի» ներկայիս արդյունքը (10 միավոր) ռեկորդային է VBET ՀՊԼ-ում թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 5 հանդիպումներում «Վանն» առավելագույնն 9 միավոր էր վաստակել 2020-21թթ. առաջնությունում:

VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր-2

4. «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտ Արզումանյանի նորամուտն անհաջող ստացվեց: Նրա գլխավորած թիմը 0-3 հաշվով զիջեց «Փյունիկին»՝ կրելով առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ պարտությունը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Նոան» Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ 6 անպատասխան գնդակ էր ընդունել «Ուրարտուից»:

Մեկնարկային 5 հանդիպումներում «Նոան» ընդամենը 1 միավոր է վաստակել, ինչը վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ VBET ՀՊԼ-ում: Մինչև այդ վատագույն արդյունքը «Նոան» գրանցել էր նախորդ մրցաշրջանում՝ Գրիգորի Միխայլուկի գլխավորությամբ 5 խաղում վաստակելով 4 միավոր:

5. Ժիրայր Շաղոյանն առաջնության վերջին 4 հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլի՝ ընդհանուր առմամբ խփելով 5 գնդակ: Նա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի լավագույն ռմբարկուների՝ Սերժ Դեբլեի և Անդրե Մենսալաոյի հաշվին ևս մեկնարկային 5 հանդիպումներում նույնքան գոլ էր գրանցվել:

VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր-3

6. Արտակ Եդիգարյանը գոլով նշեց պաշտոնական մրցումներում անցկացրած հոբելյանական՝ 450-րդ խաղը: VBET ՀՊԼ-ում դա Եդիգարյանի խփած 53-րդ գոլն էր, որից 37-ը նրա հաշվին գրանցվել է «Ալաշկերտում»: Եդիգարյանն արդյունավետությամբ առաջնության մասնակիցներից զիջում է միայն «Վանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որը 57 գոլ է խփել: 

Եդիգարյանը Հայաստանի առաջնություններում 140-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ալաշկերտի» մարզաշապիկով ու շրջանցեց թիմի նախկին հարձակվող Միհրան Մանասյանին: Ավելի շատ խաղ (179) «Ալաշկերտում» անցկացրել է միայն Արտակ Գրիգորյանը:

VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր-4

7. «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ագդոն Մենեզեսը բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում: Իսկ Անդրե Մենսալաոն, Միխայիլ Կովալենկոն և Յուսուֆ Օտուբանջոն առաջին գոլերը խփեցին «Փյունիկի» կազմում: Մենսալաոն (32 տարեկան 69 օրական) և Օտուբանջոն (29 տարեկան 351 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Խոսե Բիլիբիոյին (28 տարեկան 286 օրական) ու Նիկիտա Բառանովին (29 տարեկան 269 օրական):

8. Տարոն Ոսկանյանն էլ հաճելի հոբելյան նշեց՝ 400-րդ պաշտոնական հանդիպումը կարիերայում: Խաղերից 234-ը նա անցկացրել է Հայաստանի առաջնություններում, 34-ը՝ Հայաստանի գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 38-ը՝ եվրագավաթների, 41-ը՝ Հայաստանի ազգային, 10-ը՝ երիտասարդական հավաքականներում, 39 անգամ էլ ելույթ է ունեցել արտերկրի ակումբներում:

9. Հրայր Մկոյանը VBET ՀՊԼ-ում «Արարատի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Բարձրագույն խմբի առաջնություններում «Արարատի» ավագը 305-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և ընդգրկվեց 21-րդ դարում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների հնգյակում՝ շրջանցելով «Ուրարտուի» նախկին խաղացող Արամ Բարեղամյանին: 

Այդ ցանկը գլխավորում է «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը, որը 21-րդ դարում Բարձրագույն խմբի առաջնություններում 355 խաղ է անցկացրել: Գործող ֆուտբոլիստներից Արտակ Գրիգորյանը 345 խաղով ցանկում երկրորդն է:

VBET ՀՊԼ-ի 5-րդ տուր-5

10. «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն ինքնատիպ հակառեկորդ գրանցեց: «Լեռնային Արցախի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Մարգարյանը հետագայում երկու անգամ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Նա դարձավ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ մեկ խաղում երկու ինքնագոլ գրանցած առաջին ֆուտբոլիստը: 

Ընդհանուր առմամբ, Բարձրագույն խմբի առաջնություններում գրանցվել է 153 ինքնագոլ, որոնք խփել է 126 ֆուտբոլիստ: Յուրօրինակ ռեկորդակիրներն են Հրայր Մկոյանը, Արա Խաչատրյանն ու Վահագն Մինասյանը, որոնք 4-ական ինքնագոլ են խփել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ