Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Վազգեն Թևանյանը (65 կգ), որը չեմպիոն հռչակվեց։
Եզրափակիչում հայ ըմբիշը 8-4 հաշվով հաղթեց թուրք Համզա Ալաչային:
Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր կանադացի Դանիել Թրոյ Քոլզին, իսկ 1/8 եզրափակիչում շանս չէր տվել բրիտանացի Ռոս Քոնելիին՝ 10-0։ Երրորդ գոտեմարտում նա 4-3 հաշվով ուժեղ էր գտնվել ճապոնացի Ռիոմա Անրակուից, իսկ կիսաեզրափակիչում 7-6 հաշվով հաղթել էր ղազախ Ադլան Ասկարովին:
Հոկտեմբերի 22-ին պայքարը սկսած Արսեն Հարությունյանը (61 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ) պարտություն են կրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Արման Ավագյանը (79 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) պարտություն էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից: