Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է այդ երկրի ազգային հավաքականի` Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու մասին.
«Իհարկե, նայել եմ խաղերը։ Շատ ուրախ եմ Վրաստանի համար։ Հիանալի արդյունք է։ Վիլի Սանյոլը շատ լավ մարզիչ է, որն իմ հեռանալուց հետո հիանալի աշխատանք է կատարել։ Անցնող 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում։ Երկրպագուներն արժանի էին այս հաջողությանը։
Իմ հեռանալուց հետո երիտասարդ ֆուտբոլիստներն սկսել են ավելի հասուն խաղ ցուցադրել։ Թիմը մեծ փորձ և որակ ունի։ Փոխվել է նաև խաղաոճը։ Իմ գլխավորությամբ մենք հիմնականում խաղում էինք պաշտպանությունից և նախընտրում էինք շատ հակագրոհել։
Ցավոք, չորս տարի առաջ մեզ չհաջողվեց անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հաղթել Հյուսիսային Մակեդոնիային (0-1)։ Բարեբախտաբար, պատմությունը չկրկնվեց»,- սլովակ մասնագետի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականն անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել էր Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության խմբային փուլ։
Վլադիմիր Վայսը Վրաստանի հավաքականը մարզել է 2016-2020 թթ.։ Սլովակ մասնագետն այժմ գլխավորում է Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։


