Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հավասար է գնահատում աշխարհի չեմպիոն դառնալու ֆուտբոլի Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների հնարավորությունները։ VNews-ի հետ զրույցում գյումրեցի մասնագետը հիմնավորել է այդ կարծիքը, առանձնացրել այն գործոնները, որոնք մրցակիցներին մղելու են անհաշտ, բայց նաև դիտարժան պայքարի, ու նշել, թե ինչի շնորհիվ է համակրանքի արժանացել մրցաշարի գլխավոր սենսացիան մատուցած Մարոկկոյի հավաքականը։
Անդրադառնալով դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչ խաղին՝ 45-ամյա մարզիչը նշել է. «Եզրափակիչում թիմերի հնարավորությունները գնահատում եմ 50-50՝ հաշվի առնելով մինչև այդ նրանց ցուցադրած խաղը։ Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականներն ունեն ընդգծված առաջատարներ ի դեմս Մեսիի և Մբապեի։ Դիմակայության ելքը մեծապես պայմանավորված է լինելու նրանց խաղով։ Հանդիպումը ցույց կտա, թե որքանով արդյունավետ մարզիչները կկարողանան օգտագործել այդ ֆուտբոլիստների ուժեղ կողմերը։ Ամեն դեպքում համոզված եմ՝ ֆրանսիացիները փորձելու են ամեն կերպ չեզոքացնել Մեսիին, իսկ արգենտինացիները՝ Մբապեին։
Սակայն չմոռանանք, որ երկու թիմերում կան նաև աչքի ընկնող այլ խաղացողներ։ Մասնավորապես, ֆրանսիացիներից բավականին լավ մարզավիճակում է Ժիրուն, մեծ ծավալի աշխատանք է կատարում և օգտակար խաղով առանձնանում է Գրիզմանը։ Արգենտինայից կնշեի «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսին, որը կիսաեզրափակիչում երկու գոլ խփեց խորվաթներին։ Կան նաև այլ տղաներ, որոնք կարող են աչքի ընկնել եզրափակիչում»։
Վարդան Բիչախչյանի կարծիքով, աշխարհի գործող չեմպիոնի համար կարող է հաղթաթուղթ դառնալ Օլիվյե Ժիրուն։ Իտալական «Միլանի» 36-ամյա հարձակվողն այս Մունդիալի ընթացքում գերազանցել էր լեգենդար Թիերի Անրիի ռեկորդը և դարձել Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն․ «Ժիրուի իրացրած տուգանայինները բավականին վտանգավոր են։ Արգենտինայի հնարավորությունները կնվազեն, եթե նա կարողանա լիարժեք օգտագործել իր բոլոր ուժեղ կողմերը»։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը խորհուրդ է տալիս չանտեսել նաև հոգեբանական գործոնը։
«Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը թերևս ամենակարևոր իրադարձությունն է ֆուտբոլիստների կյանքում։ Այդ առումով առաջնային նշանակություն է ունենալու նաև հոգեբանական գործոնը, այն հանգամանքը, թե մրցակիցներն այդ տեսանկյունից որքանով պատրաստ կլինեն եզրափակիչին։ Կարծում եմ՝ Մեսիի և Մբապեի կարգի ֆուտբոլիստները երբեք մոտիվացիայի պակաս չեն ունենում։ Հատկապես, երբ մասնակցելու են ֆուտբոլի գագաթնակետը համարվող աշխարհի առաջնության եզրափակիչին։ Հետևաբար, Ֆրանսիան ամեն ինչ անելու է չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար, իսկ Արգենտինան ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի նվաճի գլխավոր մրցանակը։ Մոտիվացիայի խնդիր չեն ունենալու նաև մրցակից թիմերի մյուս խաղացողները։ Նույն Ֆրանսիայի հավաքականի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք 4 տարի առաջ չեն եղել թիմում և հիմա տենչում են նվաճել բաղձալի տիտղոսը։ Առաջիկա հանդիպումը առավել քան կարևոր է լինելու նաև նրանց համար։
Չմոռանանք նաև Մեսիի և Մբապեի պարագայում առկա մոտիվացիայի լրացուցիչ աղբյուրը՝ առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը, որի համար պայքարում նրանք առայժմ հավասար ցուցանիշներ ունեն։ Բացի այդ, կարծում եմ՝ աշխարհի այս տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհվելու է Մունդիալի հաղթող թիմի խաղացողին»,- նշեց Վարդան Բիչախչյանը։
Նա համաձայն է, որ մարոկկացիների դեմ կիսաեզրափակիչի խաղում Ֆրանսիայի հավաքականը փոքր-ինչ դժգույն տպավորություն թողեց, սակայն նշում է, որ դա կարող է պայմանավորված լինել հետևյալ հանգամանքներով. «Նախ, պետք է հաշվի առնել արագ գոլի գործոնը, որից հետո ֆրանսիացիները փորձեցին ավելի շատ հակագրոհներով զարգացնել խաղը, ինչու չէ նաև որոշ չափով էներգիա խնայել եզրափակիչի համար։ Ակնհայտ էր նաև Մարոկկոյի ագրեսիվությունը, որոշ դրվագներում կոպիտ խաղը, ինչպես նաև մրցավարի արձագանքը դրան։ Որոշ դեպքերում մրցավարը պարզապես խնայեց աֆրիկացիներին և դեղին քարտը չհանեց գրպանից։ Եթե չխուսափեր զգուշացումներից, նրանց ագրեսիան կնվազեր։ Չեմ կարծում, որ հաշվի մեջ առավելություն չունենալու դեպքում Ֆրանսիան կխաղար նման մարտավարությամբ։ Ինչևէ, աշխարհի չեմպիոնների նման ելույթն իրոք տպավորիչ չէր։ Թեպետ ֆրանսիացիները ոչ այնքան որակյալ խաղով անցան եզրափակիչ, բայց վճռական մրցամարտում, կարծում եմ, այլ ֆուտբոլ են ցուցադրելու»։
Մեր զրուցակիցը զերծ մնաց եզրափակիչ հանդիպման արդյունքը կանխատեսելու փորձից՝ նշելով, որ դրա առանձնակի մեծ վարպետը չէ։ «Կկրկնեմ միայն, որ թիմերի հնարավորությունները հավասար են։ Նշեմ նաև, որ չունեմ նախընտրելի հավաքական՝ գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից եմ»,- ասաց նա։
Այնուհանդերձ, Վարդան Բիչախչյանը չթաքցրեց, որ հաճելիորեն զարմացած ու տպավորված է Մարոկկոյի հավաքականի ցուցադրած թիմային խաղից՝ թե՛ կարգապահության, թե՛ տակտիկական մտածողության և մնացած առումներով, որոնց շնորհիվ կարողացան լրացնել շատ թերի կողմեր և պատմության մեջ առաջին անգամ հասնել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Մարոկկո - Խորվաթիա երրորդ տեղի համար խաղում նույնպես Բիչախչյանը թիմերի հնարավորությունները գնահատում է հավասար։
«Պարզ է, որ խորվաթներն ամեն ինչ անելու են աշխարհի երկրորդ անընդմեջ առաջնությունում մրցանակակիր դառնալու համար։ Մարոկկոյի դեպքում այլ նրբություն կա. որքան էլ նրանց ցուցադրած խաղի որակը հուշում է, որ կարող են բրոնզե մեդալակիր դառնալ՝ որոշիչ է լինելու ֆուտբոլիստների կենտրոնացումը խաղին։ Պետք է նկատի ունենալ, թե մինչև առաջնությունը նրանք ինչ նպատակ էին դրել իրենց առջև և ուր են հասել։ Կարծում եմ՝ նրանք չէին ենթադրում, որ կարող էին այդքան առաջ գնալ։ Հիմա կա խնդիրը գերակատարած համարելու և ձեռքբերածով բավարարվելու վտանգ։ Դա կարող է չար կատակ խաղալ նրանց հետ։ Պետք է հաշվի առնել նաև, թե ինչ կազմերով են թիմերը մոտենալու խաղին։ Որքանով տեղյակ եմ, նախորդ խաղում Մարոկկոն կորուստներ ուներ, նաև առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով փոխարինեցին ֆուտբոլիստի։ Հնարավոր կադրային խնդիրներն էապես կանդրադառնան խաղի թե՛ որակին, թե՛ արդյունքին»,- խոսքը եզրափակեց մարզիչը։