Logo

Վարազդատ Հարոյանը գերազանցեց Սարգիս Հովսեփյանի տարիքային ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:19 / 21.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի խաղում (0-3) Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 90-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Հավաքականի 33-ամյա ավագն անցկացրած խաղերի քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանի 20-ամյա վաղեմության ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի ազգային հավաքականում 77 խաղ էր անցկացրել:

Այնպես որ Վարազդատ Հարոյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանին, ուստի բոլոր հնարավորություններն ունի ոչ միայն հատելու 100 խաղի սահմանը, այլև գերազանցելու նրա ռեկորդային ցուցանիշը:

Իսկ առայժմ Հարոյանը հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղում է: 132 խաղով ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը, որին հաջորդում են Հենրիխ Մխիթարյանն (95) և Ռոման Բերեզովսկին (94):

Ի դեպ, Վարազդատ Հարոյանն Ազգերի լիգայի խաղարկություններում անցկացրած խաղերի քանակով (22) Հայաստանի ազգային հավաքականի ռեկորդակիրն է: 20-ական խաղ նա անցկացրել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 28 անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել հավաքականի ընկերական հանդիպումներում:

Հարոյանի նորամուտը հավաքականում տեղի է ունեցել է 2011թ. օգոստոսի 10-ին Լիտվայի ազգային թիմի հետ Կաունասում կայացած ընկերական խաղում, որում լիտվացիները հաղթել էին 3-0 հաշվով: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 18-ամյա պատանի ֆուտբոլիստին ընդգրկել էր մեկնարկային կազմում: Հարոյանի համար նորամուտն անհաջող դասավորվեց: Երկրորդ խաղակեսի սկզբում նա ընդամենը 9 րոպեում 2 անգամ զգուշացվեց և 59-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:  

Պաշտոնական առաջին խաղը հավաքականում Հարոյանն անցկացրել է 2013թ. հունիսի 11-ին Դանիայի հետ Կոպենհագենում կայացած աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ, որում մեր ազգային թիմը 4-0 խոշոր հաշվով ջախջախել էր մրցակցին:

Անցկացրած 90 հանդիպումներից 32-ում Հարոյանն ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (74 խաղ) ու Հենրիխ Մխիթարյանին (44): Առաջին անգամ նա հավաքականի ավագի պարտականությունները կատարել է 2020թ. սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի խաղում, որում մեր ֆուտբոլիստները պարտվել են 1-2 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում Հարոյանը ևս 5 խաղում եղել է հավաքականի ավագը, իսկ 2022թ. արդեն մշտապես կրել է ավագի թևկապը (բացառությամբ 2023թ. հունիսի 16-ին Կարդիֆում Ուելսի հետ խաղի, որում փոխարինման է մտել):

Հարոյանը բացի իր հիմնական պարտականությունների կատարումից, հաջողությամբ է միացել հավաքականի գրոհներին՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Հավաքականում նա գոլերի հաշիվը բացել է 2016թ. նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ նպաստելով 3-2 հաշվով տարած հաղթանակին: Հետագայում Հարոյանը գրավել է Կիպրոսի (Ը), Ռումինիայի (ԱԱ) և Սլովենիայի (Ը) հավաքականների դարպասը:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ֆուտբոլիստների տարիքային ռեկորդները:

Տարիք

Ռեկորդակիր

Խաղ

Թվական

17

Էդգար Մանուչարյան       

6

2004

18

Էդգար Մանուչարյան       

9

2005

19

Էդգար Մանուչարյան

11

2006

20

Գեորգի Հարությունյան

20

2024

21

Գեորգի Հարությունյան

21

2025

22

Հենրիխ Մխիթարյան

27

2011

23

Հենրիխ Մխիթարյան

35

2012

24

Հենրիխ Մխիթարյան

43

2013

25

Հենրիխ Մխիթարյան

50

2014

26

Հենրիխ Մխիթարյան

56

2015

27

Հենրիխ Մխիթարյան

61

2016

28

Հենրիխ Մխիթարյան

70

2017

29

Հենրիխ Մխիթարյան

80

2018

30

Հենրիխ Մխիթարյան

86

2019

31

Հենրիխ Մխիթարյան

88

2020

32

Հենրիխ Մխիթարյան

95

2021

33

Վարազդատ Հարոյան

90

2025

34

Սարգիս Հովսեփյան

83

2006

35

Սարգիս Հովսեփյան

95

2007

36

Սարգիս Հովսեփյան

102

2008

37

Սարգիս Հովսեփյան

110

2009

38

Սարգիս Հովսեփյան

117

2010

39

Սարգիս Հովսեփյան

125

2011

40

Սարգիս Հովսեփյան

132

2012

41

Ռոման Բերեզովսկի

93

2015

42

Ռոման Բերեզովսկի

94

2016

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ