Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում վստահ հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ՝ «Վանը» պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Առաջատարների խմբում գտնվող «Ուրարտուն» ու «Փյունիկն» էլ պարտվեցին:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Դաշտի տերերն ու հյուրերը երկուական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 36 հանդիպումներից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 11 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,2 գոլ): Առաջնության 36 հանդիպումներում գրանցվել է 109 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,02 գոլ):
2. «Վանն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Վերջինիս հետ կայացած առաջնության 16 հանդիպումներում առաջին անգամ խոշոր հաշիվ գրանցվեց:
3. «Փյունիկը» Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 850-րդ խաղն անցկացրեց՝ կրելով ընթացիկ մրցաշրջանում 2-րդ պարտությունը, որով ընդհատվեց թիմի 3 անընդմեջ հաղթանակների շարքը:
4. Ավելի քան 3,5 տարվա ընդմիջումից հետո «Նոային» վերջապես հաջողվեց Fastex Պրեմիեր լիգայում կրկին հաղթել «Փյունիկին», որին նախորդ անգամ պարտության էր մատնել 2021թ. մայիսի 15-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Այդ խաղից հետո կայացած հաջորդ 12 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի էր (11 hաղթանակ, 1 ոչ-ոքի):
5. «Շիրակը» թեև ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը, սակայն կրկին չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ: «Շիրակում» արդեն 487 րոպե գոլային երաշտ է: Առայժմ վերջին գոլը Գյումրիի թիմը խփել է 3-րդ տուրում. 53-րդ րոպեին Մորի Կոնեն Երևանում գրավել է «Արարատի» դարպասը:
Էլ ավելի տխուր է «Շիրակի» արդյունքը Գյումրիում անցկացրած առաջնության վերջին 6 խաղերում, որոնցից 5-ում շիրակցիները պարտվել են, մեկն ավարտել են ոչ-ոքի և արդեն 562 րոպե շարունակ գոլ չեն խփել: Գյումրիում էլ «Շիրակի» վերջին գոլի հեղինակը Մորի Կոնեն է, որն աչքի է ընկել այս տարվա ապրիլի 27-ին «Նոայի» հետ մրցավեճում:
6. «Ուրարտուն» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին վճռորոշ գոլը բաց թողնելով հանդիպման ավելացված ժամանակում: Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի հետ կայացած 13 հանդիպումներում «Ուրարտուն» ընդամենը 2-րդ պարտությունը կրեց: Հետաքրքիր է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին կայացած խաղում էլ, որում բանակայիններն առաջին անգամ հաղթել էին «Ուրարտուին» 2-1 հաշվով, մրցակցի ֆուտբոլիստներից Իվան Զոտկոն էր ինգնագոլի հեղինակ դարձել:
7. Մոմո Տուրեն, «Արարատի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և հավասարվեց թիմի պատմության ամենաարդյունավետ լեգեոնական Քրիստոֆեր Բոնիֆեյսին, որն այժմ «Արարատում» է:
8. «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը դարձավ ընթացիկ առաջնությունում սեփական դարպասը գրաված 3-րդ ֆուտբոլիստը: Մինչև այդ ինքնագոլի հեղինակ էին դարձել «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներ Արսեն Եղիազարյանն ու Տիմուր Ռուդոսելսկին:
9. Դանիել Աղբալյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:
10. «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանի համար ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը հոբելյանական՝ 200-րդ խաղն էր Fastex Պրեմիեր լիգայում: Խաղերից 92-ը նա անցկացրել է հարազատ ակումբի կազմում: