Logo

«Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը, Տենտոնը կրկնեց Մաիլսոն Լիմայի ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:06 / 07.11.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում հերթական հաղթանակները տանելով՝ «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան» ամրապնդեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակում: 

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1.Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղում պարտվեցին: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Շիրակին»: Առաջնությունում կայացած 70 հանդիպումներից 29-ում հաղթել են դաշտի տերերը, 33-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 8 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: 

Տուրն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Կայացած 4 հանդիպումներում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,2 գոլ): Առաջնության 70 հանդիպումներում գրանցվել է 210 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ): «Վանի» ֆուտբոլիստ Կաջալի Դրամեն դարձավ առաջնության հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը:

2. «Վանին» վերջապես հաջողվեց ընդհատել 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ 4-0 խոշոր հաշվով հաղթելով «Արարատին»: Վերջինս 7-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից պարտված հեռացավ, ինչը վատագույն ցուցանիշն է առաջնության մասնակից թիմերի մեջ:

3. «Ալաշկերտի» դարպասը Սեդրիկ Դոյի խփած առաջին գնդակը Հայաստանի առաջնություններում «Շիրակի» հոբելյանական՝ 1450-րդ գոլն էր: Դա երկրորդ ցուցանիշն է «Փյունիկից» հետո, որի օգտին 1884 գոլ է գրանցված:

4. Մոմո Տուրեն գրավելով «Արարատի» դարպասը, 11 գնդակով դարձավ «Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆեր Բոնիֆեյսի ցուցանիշը: Գվինեացի ֆուտբոլիստը նաև 3 գնդակով դարձավ «Արարատի» հետ դիմակայությունում «Վանի» լավագույն ռմբարկուն:

5. Տենտոն Յենեն էլ գրավելով «Վեստ Արմենիայի» դարպասը, Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» կազմում 33-րդ գոլը խփեց և հավասարվեց թիմի պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիմային: Նիգերիացի ֆուտբոլիստը նաև 3 գնդակով դարձավ «Վեստ Արմենիայի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն:

6. Ալաշկերտցի Նարեկ Մանուկյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում, իսկ Լևոն Վարդանյանն առաջին գոլը խփեց «Վանում»:

7. «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանի հոբելյանական՝ 100-րդ խաղն էր Fastex Պրեմիեր լիգայում: Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 63-րդ հաղթանակը տոնեց: Մնացած խաղերից 17-ում գրանցվել է ոչ-ոքի, 20-ում Հայաստանի կրկնակի չեմպիոնը պարտվել է: «Արարատ-Արմենիան» 190 գոլ է խփել, բաց է թողել 87 գնդակ:

8. Կարեն Մելքոնյանն «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 19-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում՝ հավասարվելով Արարատ Առաքելյանին, Արտակ Դաշյանին ու Աշոտ Ավետիսյանին:

9. «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանի համար «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: Իր ներկայիս թիմի մարզաշապիկով Սերոբյանը 57-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:

10. Գոռ Մալաքյանն «Արարատի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում  հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: «Արարատի» ավագի ցուցանիշը լավագույնն է թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստների մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա