4 հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլը:
FastNews-ը գավաթի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Կայացած 4 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 16 հանդիպումներից 6-ում հաղթել են դաշտի տերերը, 9-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 4 հանդիպումներում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4 գոլ): Գավաթի ընթացիկ խաղարկության 16 հանդիպումներում արդեն գրանցվել է 65 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,06 գոլ):
2. «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ պատվավոր մրցանակի մրցաշարերում 4-րդ անգամ պարտության մատնելով «Լեռնային Արցախին»: 7-2 խոշոր հաշվով տոնած հաղթանակը 650-րդն էր «Փյունիկի» անցկացրած պաշտոնական բոլոր մրցումներում:
3. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Վանը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հետաքրքիր է, որ բոլոր խաղերում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը:
4. Գավաթի մրցաշարերում «Նոան» խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց՝ 3 անգամ գրավելով «Գանձասարի» դարպասը: Ընթացիկ մրցաշրջանում դա Հայաստանի փոխչեմպիոնի խոշոր հաշվով 12-րդ հաղթանակն էր, որից 9-ը գրանցվել է առաջնությունում, 2-ը՝ եվրագավաթներում:
5. Թեմուր Ջիկիան դուբլով նշեց գավաթի մրցաշարում «Փյունիկի» կազմում նորամուտը: Պատվավոր մրցանակի խաղարկություններում Ջիկիաի հաշվին 3 գոլ է գրանցված: Առաջին գոլը նա խփել էր «Ուրարտուի» կազմում «Գանձասարի» դարպասը 2022/23թթ. խաղարկության կիսաեզրափակչում:
6. Գավաթի մրցաշարում գոլերի հաշիվը բացեցին փյունիկցիներ Մատաս Վարեյկան, դուբլի հեղինակ դարձած Լևոն Պետրոսյանը, Տիգրան Գևորգյանն ու Պետրոս Ալեքյանը, «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներ Իլիա Տրնկոն ու Միլոշ Միլովանովիչը, դուբլ ձևակերպած «Վանի» ավագ Կարեն Նալբանդյանը, «Նոայի» ֆուտբոլիստներ Մաթեուս Այասը, Հովհաննես Համբարձումյանն ու Գոնսալո Ալմեյդան: Ընդ որում Հովհաննես Համբարձումյանը գոլով նշեց ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում իր հոբելյանական՝ 500-րդ խաղը:
7. «Արարատ-Արմենիայի» պատմության գլխավոր ռմբարկու Տենտոն Յենեն բացեց գոլերի հաշիվը թիմի կազմում գավաթի մրցաշարում, որում մինչև այդ մեկ գոլ էր խփել «Նորավանքում» խաղալիս:
8. Էդգար Մալաքյանի այս տարվա առաջին պաշտոնական խաղը՝ «Լեռնային Արցախի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ մրցավեճը, «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումն էր:
9. Կամո Հովհաննիսյանի համար էլ «Ուրարտուի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն էր:
10. Անտոն Բրատկովը դարձավ «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում ամենաշատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը: «Լեռնային Արցախի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում ուկրաինացի ֆուտբոլիստը 130-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Փյունիկի» մարզաշապիկով: Բրատկովը գերազանցեց Խոսե Կառաբալյոյի ռեկորդային ցուցանիշը, որը «Փյունիկի» կազմում 129 խաղ է անցկացրել: