Logo

«Վանի» արդյունավետության ռեկորդը, Դարկո Վուկաշինովիչի մարզական սխրանքը. Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:54 / 30.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում կամային հաղթանակներ տոնելով, «Նոան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը, իսկ «Արարատ-Արմենիան» եզրափակեց լավագույն եռյակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տոնեց «Նոան»: Առաջնությունում կայացած 115 հանդիպումներից 49-ում հաղթել են դաշտի տերերը, 48-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 18 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,4 գոլ): Առաջնության 115 հանդիպումներում գրանցվել է 346 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):

2. «Նոան» ընթացիկ առաջնությունում կամային 2-րդ հաղթանակը տարավ՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ; Կամային առաջին հաղթանակը գրանցվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում՝ 2-1: Ռուի Մոտայի գլխավորած թիմն առաջնությունում 14-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Առաջնության գարնանային հատվածում «Նոան» առաջին գոլը բաց թողեց, որը Fastex Պրեմիեր լիգայում 250-րդն էր:

3. Ընթացիկ առաջնությունում «Վանին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»՝ բոլոր 3 խաղերն էլ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 3 խաղերում էլ հաշիվը բացել էր «Վանը», իսկ վերջին խաղում չարենցավանյան թիմը հաղթում էր 2-0 հաշվով:

«Վանն» ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 40-ի և արդյունավետության թիմային նոր ռեկորդ սահմանեց: Մինչև այդ «Վանն» առավել արդյունավետ էր գործել 2022/23թթ. առաջնությունում՝ 36 խաղում խփելով 38 գոլ:

4. «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակի հասավ «Փյունիկի» նկատմամբ՝ քամբեք ձևակերպելով: Մրցակիցների նախորդ խաղում էլ «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով: Առաջնության վերջին 4 հանդիպումներում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն անպարտելի է՝ վաստակելով 10 միավոր:

5. «Փյունիկն» առաջնության վերջին 4 հանդիպումներում 3-րդ պարտությունը կրեց: Այդ խաղերում գործող չեմպիոնն ընդամենը 3 միավոր է վաստակել:

6. ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը տոնեց՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ խոշոր հաշվով պարտության մատնելով «Վեստ Արմենիային»: Բանակայիններն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տարան:

7. Տուրն առատ էր 11մ հարվածներով: Նշանակված 7 հարվածներից դիպուկ իրացվեցին 4-ը: Աչքի ընկան բանակային Դավիթ Հակոբյանը, փյունիկցի Էդգար Մալաքյանը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մարիուս Նուբիսին և «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:

Իսկ ահա «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն «Շիրակի» հետ խաղում երկու անգամ չկարողացավ հաղթող դուրս գալ Դարկո Վուկաշինովիչի հետ մենամարտում: Մինչև այդ Գրեգորիոն ընթացիկ առաջնությունում դիպուկ էր իրացրել 11մ երկու հարվածներն էլ:

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստ Արթուր Իսրայելյանի հարվածից հետո էլ գնդակը հետ էր մղվել դարպասաձողից:

8. Կարեն Մուրադյանը «Փյունիկի» հետ մրցավեճում ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրեց: 378 հանդիպման Մուրադյանը մասնակցել է հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում, 11-ական խաղ անցկացրել է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում: Խաղերից 130-ում նա խաղադաշտ է դուրս եկել «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկով:

9. Ժիրայր Շաղոյանն «Արարատ-Արմենիա» վերադառնալուց հետո թիմի կազմում առաջին գոլը խփեց: Դա 8-րդ գոլն էր Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում Fastex Պրեմիեր լիգայում: Իսկ «Վանի» լեգեոնական Մալիկ Օդեյինկան բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

10. Արթուր Քարտաշյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Գրենիկ Պետրոսյանի համար «Շիրակի» հետ հանդիպումը 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ