Նիդերլանդցի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի մարզչական շտաբում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ մանկունյական ակումբի ղեկավարներն են 47-ամյա մարզչին առաջարկել աշխատել ակումբում։
Ըստ AD պարբերականի` Վան Նիստելռոյն արդեն համաձայնել է համալրել անգլիական ակումբը։ Նա վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու շնորհիվ կկարողանա մարզչական կարիերայում առաջընթաց գրանցել։ Երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի հնարավորինս շուտ պայմանագիր կնքեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վան Նիստելռոյը կարող է գլխավորել անգլիական «Բարնլին»։ Մասնագետի նախորդ ակումբը եղել է Էյնդհովենի ՊՍՎ-ն, որտեղից հեռացել է 2023 թ. մայիսին։ Նա Նիդերլանդների հավաքականում եղել է Ֆրանկ դե Բուրի, Գուս Հիդինկի ու Դանի Բլինդի օգնականը։
Վան Նիստելռոյը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2001-2006 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և 219 խաղում խփել է 150 գոլ, կատարել 30 արդյունավետ փոխանցում։