Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը սկանդալային հայտարարություն է արել Կատարում կայացած 2022թ․ աշխարհի առաջնության մասին, որի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արգենտինայի հավաքականը։
«Չեմ ցանկանում շատ խոսել այդ մասին։ Երբ տեսնում եք, թե ինչպես է Արգենտինան խփում գոլեր և ինչպես ենք մենք անում դա, կամ ինչ վարք էին դրսևորում արգենտինացի ֆուտբոլիստներն ու մնում անպատիժ, ես մտածում եմ, որ այդ ամենը կանխամտածված էր։
Նկատի ունեմ այն ամենը, ինչ ասում եմ։ Մեսին պետք դառնա՞ր աշխարհի չեմպիոն, կարծում եմ՝ այո»,- 72-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է The Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11-մետրանց հարվածաշարում հաղթել էին Նիդերլանդների հավաքականին, այնուհետև նվաճել էին տիտղոսը։ Այդ խաղում թիմերը միասին ստացել էին 16 դեղին քարտ, իսկ նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը հեռացվել էր դաշտից։


