Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում տնային հաղթանակի (1-0) մասին, ինչպես նաև բացատրել է, թե ինչպես է իրեն հաջողվել կանգնեցնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Սա այն է, ինչ պետք է անեն պաշտպանները։ Սա այն է, ինչ պետք է անես ամեն խաղում, եթե մի փոքր կորցնես քեզ, ապա կպատժվես։ Մենք շատ լավ խաղացինք, կարևոր էր դարպասն անառիկ պահելն ու առաջ շարժվելը, ուստի կենտրոնացած ենք «Վեսթ Հեմի» դեմ խաղի վրա:
Առաջին խաղակեսում բավական լավ խաղացինք: Չեմ կարծում, որ մենք շատ բան ստեղծեցինք երկրորդ խաղակեսում, ավելի շատ պաշտպանվեցինք, բայց գոլ խփելու հնարավորություններ ունեինք»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ մինչև «Լիվերպուլի» դեմ խաղը Էրլինգ Հոլանդն Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլ էր խփել 7 հանդիպում անընդմեջ։
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն անցկացրած 9 խաղերից հետո 13 միավորով 8-րդն է, իսկ 1 խաղ ավելի անցկացրած գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով 2-րդն է և 4 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին» (10 հանդիպում):