«Վալենսիան» նույնպես դատապարտել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու որոշումը, գրում է ակումբի պաշտոնական կայքը։
««Վալենսիան» իր անհամաձայնությունն է հայտնում Մարզական բարձրագույն խորհրդի ընդունած որոշմանը։ Այն հակասում է Լա լիգայի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշմանը։
Կարծում ենք, որ դա վնասում է մրցակցության ամբողջականությանը և սպառնում պրոֆեսիոնալ ֆուտբոլում ֆինանսական կառավարման հիմնարար սկզբունքներին:
«Վալենսիան» նաև մտահոգված է, թե ինչպես կարող է այդ միջոցը ազդել Լա լիգայի տնտեսական վերահսկողության համակարգի վրա։ Այն բոլոր ակումբների կողմից համաձայնեցված հայեցակարգ է և առանցքային գործոն՝ երաշխավորելու իսպանական ֆուտբոլի ֆինանսական կայունությունը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Լա լիգան ներկայացնող ակումբներից Մարզական բարձրագույն խորհրդի ընդունած որոշումը դատապարտել էին նաև Մադրիդի «Աթլետիկոն» ու «Լաս Պալմասը»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Օլմոյին և Վիկտորին չէր կարողանում գրանցել երկրորդ շրջանի հանդիպումների համար։ Այդ հարցում «Բլաուգրանային» մերժել էին Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն Մարզական բարձրագույն խորհուրդը թույլ է տվել ժամանակավորապես գրանցել ֆուտբոլիստներին։ Նրանց ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելու է երեք ամսվա ընթացքում։


