Logo

Վադիմ Սկրիպչենկո. ««Փյունիկը» լավ տեսք ուներ»

15:50 / 17.07.2024Ֆուտբոլ
null

Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկի» նկատմամբ արտագնա հաղթանակի ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու մասին։

«Ուրախ եմ, որ հաղթեցինք ու նվաճեցինք Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Խաղադաշտում համառ պայքար էր ընթանում: Երկու հանդիպումներն էլ անցան անչափ լարված մթնոլորտում: Կարծում եմ՝ մենք ֆիզիկապես ավելի լավն էինք և՛ առաջին խաղում, և՛ այս հանդիպման վերջնամասում: Հնարավոր է, որ մեզ օգնեց նաև այն փաստը, որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է: «Փյունիկը» լավ տեսք ուներ ու եղավ ժամանակահատված, երբ լուրջ ճնշում էր գործադրում: Դրվագներից մեկում բախտը ժպտաց մեզ, երբ գնդակը հպվեց դարպասաձողին: Երջանիկ ենք, որ կարողացանք պահել առավելությունն ու շարժվել առաջ»,- 2018 թվականին Երևանի «Արարատ-Արմենիայում» աշխատած բելառուս մասնագետի խոսքը մեջբերում է «Դինամոյի» պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում բելառուսական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը 11-մետրանոց հարվածով խփելով 90-րդ րոպեին։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Եղիշե Մելիքյանի թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Սլովան» (Սլովակիա) զույգի պարտվողի հետ: «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ և կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ