«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։
Գյումրեցի մարզիկը քվեարկության արդյունքում ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ևս մեկ ծանրորդ Գոռ Սահակյանը (1567), իսկ լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (489):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:
Հիշեցնենք, որ 25-ամյա Լալայանը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ ճանաչվել է 2024 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, իսկ օրեր առաջ արժանացել էր ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։