Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Ջոզեֆ Ջոյսը խոսել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և իր հայրենակից Էնթոնի Ջոշուայի տիտղոսային ռևանշ մենամարտից սպասելիքների մասին:
Գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը կկայանա օգոստոսի 20-ին Ջիդայում (Սաուդյան Արաբիա):
«Տեսնենք, թե երկուսն էլ ինչ վիճակում կլինեն այդ երեկո: Երբ հնչի գոնգը և սկսվի առաջին ռաունդը, հնարավոր կլինի գնահատել, թե ինչպես կանցնի մենամարտը։ Բայց Ուսիկը նախկինում հաղթել է Ջոշուային, այնպես որ, նա պարզապես պետք է նույնը անի: Բացի այդ, նա վստահություն ունի այդ հաղթանակից հետո։ Ջոշուայից է կախված, թե արդյոք կարող է առաջ գնալ՝ վերադարձնելով չեմպիոնական գոտին:
Ես դեռ կարծում եմ, որ Ուսիկն ունի այն, ինչ անհրաժեշտ է Ջոշուային կրկին հաղթելու համար: Այնուամենայնիվ, Էնթոնին ունի ծանր հարվածներ: Բայց, եթե նա չկարողանա հզոր հարվածներ հասցնել, ապա Ուսիկը նորից կհաղթի»,- նշել է Ջոյսը talkSPORT Boxing-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ուսիկի և Ջոշուայի առաջին մենամարտը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ուկրաինացի բռնցքամարտիկը:


