Նյու Յորքում կայացավ ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Կառլոս Ալկարասը հաղթեց Նովակ Ջոկովիչին:
Առաջին սեթի հենց սկզբում իսպանացին բրեյք կատարեց և պահպանեց առավելությունը: Երկրորդ սեթում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողն առջևում էր 3:0 հաշվով, բայց Ալկարասը խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ ուժեղ էր մրցակցից: Երրորդ սեթում նա սերբին գերազանցեց 2 բրեյքի առավելությամբ: Արդյունքում գրանցվեց 6:4, 7:6 (4), 6:2 հաշիվը:
Կառլոսն առաջին անգամ հարդի վրա հաղթեց Նովակին, սակայն անձնական խաղերում Ջոկովիչը շարունակում է առաջ լինել՝ 5:4:
Ալկարասը 7-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ: Նախորդ 6-ից 5-ը նա հաղթել է:
Եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը կմրցի Յանիկ Սիներ – Ֆելիքս Օժյե-Ալյասիմ զույգի հաղթողի հետ:


