Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ նվաճել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր։ «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և դասակարգման երրորդ համար, ռուս Դանիիլ Մեդվեդևը։
US Open-ի գործող հաղթող 20-ամյա Ալկարասը կիսաեզրափակիչում պարտվեց Դանիիլ Մեդվեդևին, որն առավելության հասավ 4 սեթում՝ 7-6, 6-1, 3-6, 6-3։ Մրցախաղը տևեց 3 ժամ 22 րոպե։ Իսպանացի թենիսիստը գրանցեց ուշագրավ ցուցանիշ՝ զրո էյս ու զրո կրկնակի սխալ։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, 36-ամյա Նովակ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ 20-ամյա ամերիկացի Բեն Շելթոնի դեմ մրցախաղում՝ 6-3, 6-2, 7-6։
US Open-ի տղամարդկանց մենախաղի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 10-ին։ Կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն բելառուս Արինա Սոբոլենկոն ու ամերիկացի Կորի Գաուֆը։