Երևանի «Ուրարտուի» նորեկ Լեոն Սաբուան Metaratings-ի հետ հարցազրույցում պատմել է, որ Հայաստան տեղափոխվելուց առաջ զրուցել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ: Ռուս հարձակվողը հուլիսին էր հեռացել «Կրասնոդար-2»-ից ու ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Ուրարտու»:
- Ինչո՞ւ հեռացաք «Կրասնոդարից»:
- Կարելի է ասել, որ իմ հեռանալու ժամանակը եկել էր: Ես 10 տարի անցկացրել եմ «Կրասնոդարի» համակարգում, պետք է հետագայում զարգանայի։
- «Կրասնոդարը» ձեզ նոր պայմանագիր առաջարկե՞լ էր մինչև հեռանալը:
- Ես պայմանագիր ունեի «Կրասնոդարի» հետ մինչև 2024 թվականը, բայց ակումբն ինձ համար զիջումների գնաց և ասաց, որ եթե առաջարկ լինի, ինձ թույլ կտան զարգանալ այլ ակումբում։ Ես շնորհակալ եմ «Կրասնոդարին», մինչև տեղափոխվելը խնդիրներ չունեի։
- «Ուրարտուն» մարզում է Դմիտրի Գունկոն, որը հայտնի է «Սպարտակում» իր աշխատանքով: Դա ազդե՞լ է ձեր տեղափոխության վրա:
- Կարելի է ասել՝ այո, քանի որ ես նրան ճանաչում էի որպես մեծ հավակնություններ ունեցող մարզիչ, որը հարձակողական խաղ է դավանում։ Ես դա գիտեմ, «Կրասնոդարում» մենք նույն սկզբունքն ունեինք։ Ինձ շատ դուր եկավ և դարձավ կարևոր գործոններից մեկը։
- Հասցրե՞լ եք լիովին հարմարվել Հայաստանի առաջնությանը:
- Այո, կարծում եմ, որ լիովին հարմարվել եմ։ Ես ընտելացել եմ թիմում ամեն ինչի, այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս, ադապտացիան շատ հեշտ էր։
- Ռուսաստանի և Հայաստանի առաջնությունները շա՞տ են տարբերվում:
- Իհարկե, Հայաստանի առաջնությունը նկատելիորեն տարբերվում է ՌՊԼ-ից։ Կարծում եմ՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հետ նույն մակարդակի մրցաշար է։
- Մինչև Հայաստանի առաջնություն գալը խոսե՞լ եք Սպերցյանի հետ:
- Այո, նա ասաց, որ այստեղ առաջնությունը լավ մակարդակի է, կան եվրագավաթներում խաղալու հնարավորություններ, և սա լավ շանս է դրսևորվելու և առաջադիմելու։
- Կոնկրետ ի՞նչն է գրավել Ձեզ «Ուրարտուում», այլ տարբերակներ կայի՞ն:
- Տարբերակներ եղել են, բայց ես ընտրեցի «Ուրարտուն»՝ սա հավակնություններ ունեցող ակումբ է, որը բարձր նպատակներ է դնում և լավ ենթակառուցվածքներ ունի մարզումային գործընթացի համար։