Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականը Հայաստանի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման համար սեպտեմբերի 22-ին ժամանել է Երևան:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կադրային խնդիրներով է ժամանել Հայաստանի մայրաքաղաք, տեղեկացնում է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Երևան չեն ժամանել Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինը, որը միացել է Ուկրաինայի Մ21 հավաքականին, և իտալական «Սպեցիայի» կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն:
Իտալական թիմի ֆուտբոլիստին կփոխարինի «Դնեպր-1»-ի կիսապաշտպան Էդուարդ Սարապիյը:
Անգլիական «Էվերթոնի» պաշտպան Վիտալի Միկոլենկոյի վնասվածքը լուրջ չէ և նա թիմի հետ ժամանել է Երևան:
Ուկրաինական «Կոլոսի» դարպասապահ Եվգենի Վոլնեցը բրիտանական վիզայի բացակայության պատճառով բաց էր թողել Շոտլանդիայի դեմ խաղը (0-3), 29-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ է Վարշավայից ժամանել Երևան:
Հիշեցնենք, որ Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 17:00-ին:
B դիվիզիոնի առաջին խումբը գլխավորում է Շոտլանդիան, որն ունի 9 միավոր, Ուկրաինան 7 միավորով 2-րդն է, Իռլանդիան 4 միավորով 3-րդն է, իսկ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:


