Logo

UFC․ Տարվա վերջին մրցաշարին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
18:28 / 13.12.2024Խառը մենամարտեր
null

Այս տարի UFC-ն երկրպագուներին ուրախանալու շատ առիթներ տվեց, դրանցից մեկը հայ մարզասերի համար, անկասկած, Արման Ծառուկյանի հաղթանակն էր Չառլզ Օլիվեյրայի նկատմամբ։ Կիսածանր քաշային կարգում հեղինակություններ չճանաչող Ալեքս Պերեյրան օրացուցային տարվա ընթացքում ռեկորդային երեք անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին։ Դե իսկ Մաքս Հոլուեյի և Ջասթին Գեյջիի մենամարտը BMF գոտու համար մտավ պատմության մեջ։ 2024-ը տրամաբանորեն մոտենում է ավարտին նաև UFC-ի համար և այս շաբաթ լիգան կանցկացնի իր վերջին քարտն ընթացիկ տարում։

Առաջիկա հանգստյան օրերին Ֆլորիդան կընդունի UFC on ESPN 63-ը, FastNews-ը ներկայացնում է մրցաշարի գլխավոր իրադարձությունները։

Մանել Կապե vs Բրունո Սիլվա

Այս քարտում ներկայացված են մարզիկներ, որոնցից շատերը հաղթանակի դեպքում կարող են պայքարել թե՛ հավակնորդ դառնալու, թե՛ չեմպիոնական գոտու համար։ Առաջինն անդրադառնանք Մանել Կապե – Բրունո Սիլվա զույգին: Սիլվան նախորդ չորս մենամարտը հաղթել է, իսկ նրա մրցակիցը այս մենամարտին մոտենում է նախորդը պարտվելուց հետո։  

Մանել Կապեն  պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 26 մենամարտ, տարել է 14 հաղթանակ, որոնցից 6-ը՝ նոկաուտով,  4-ը՝ հնարքով, 4 մենամարտ էլ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 5 պարտություն, 2 մենամարտ ավարտել է ոչ-ոք։ Նրա մասնակցությամբ 1 մենամարտ էլ չեղարկվել է։

Բրունո Սիլվան անցկացրել է 22 մենամարտ, տարել է 16 հաղթանակ, 8-ը՝ նոկաուտով, նույնքան էլ՝ մրցավարների որոշմամբ։ Հնարքով հաղթանակ չունի, բայց ունի 1 չեղարկված մենամարտ։

Երկու մարզիկներն էլ UFC-ի վարկանիշային աղյուսակի թոփ-15-ում են, ու երկուսն էլ այս մենամարտում հաղթանակի համար ջանք չեն խնայելու։

Վիտոր Պետրինո vs Դասթին Ջեյկոբ

Երեկոյի ընթացքում մրցահարթակ դուրս կգան նաև  Վիտոր Պետրինոն և Դասթին Ջեյկոբին։ Մարզիկների միջև գրեթե տասը տարվա տարիքային տարբերություն կա, բայց ոճային առումով նրանք բազմաթիվ նմանություններ ունեն, ընդհուպ մինչև կեցվացքն ու ոտքերի խաղը։ Պետրինոն նախորդ մենամարտում անակնկալ պարտություն կրեց, և դա առաջին բացասական արդյունքն է բրազիլացու կարիերայում։ Ջեյկոբին նախորդ 5 մենամարտերից 4-ը պարտվել է, և Պետրինոյի հետ պայքարում հաջողելու դեպքում կարող է թարմացնել պայմանագիրը UFC-ի հետ։

Վիտոր Պետրինոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 12 մենամարտ, տարել է 11 հաղթանակ, 7-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 3-ը՝ մրցավարների որոշմամբ, ունի 1 պարտություն։

Դասթին Ջեյկոբիի համար սա 30-րդ մենամարտն է։ Նախորդ 29-ից 19-ը հաղթել է, որոնցից 12-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ։ Կրել է 9 պարտություն, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի։

Վիտոր Պետրինոն կարիերայի ընթացքում հաղթել է այնպիսի անունների, ինչպիսիք են Ռոդոլֆո Բելատոն, Թայսոն Պեդրոն  ու Մոդեստաս Բուկաուսկասը, և ինչպես ինքը՝ բրազիլացին է նկատել հարցազրույցներից մեկում,  Դասթին Ջեյկոբին ամենևին էլ խոչընդոտ չէ իր վերելքի ճանապարհին։

Կուբ Սվենսոն vs Բիլի Քուարանտիլո

ԱՄՆ-ն ներկայացնող Կուբ Սվենսոնն այս պահին գործող ամենատարեց մարտիկներից է UFC-ում։ Մրցաշարի տարեվերջյան քարտում քիլլերն ուժերը կչափի Բիլի Քուարանտիլոյի դեմ։ Վերջին շրջանում  ձախողումները կալիֆորնիացու կարիերայում շատ են։ Յուրաքանչյուր պարտությունից հետո թվում է, թե հասունացել է կարիերան ավարտելու պահը, բայց Կուբը վերադառնում է ավելի ուժեղ ու կարողանում է հաղթել։

Կուբ Սվենսոնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է  43 մենամարտ, տարել է 29 հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 12-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 14 պարտություն։

Բիլի Քուարանտիլոն անցկացրել է 24 մենամարտ, տարել է 18  հաղթանակ, 8-ը՝ նոկաուտով, 5-ը՝ հնարքով,  ևս    5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։

Քոլբի Քովինգտոն vs Խոակին Բաքլի

Երեկոյի հիմնական մենամարտում կմրցեն Քոլբի Քովինգտոնն ու Խոակին Բաքլին: UFC on ESPN 63-ի շրջանակում Խոակին Բաքլիի մրցակիցը ի սկզբանե պետք է լիներ Իեն Մաչադո Գերին, բայց UFC 310-ին ընդառաջ  կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Բելալ Մուհամադը վնասվածք ստացավ, և նրան փոխարինեց հենց իռլանդացին։  UFC-ի   կազմակերպիչներն էլ Գերիի փոխարեն Բաքլիին առաջարկեցին Քոլբի Քովինգտոնի տարբերակը, ինչը Բաքլին սիրով ընդունեց։ Քովինգտոնը չեմպիոնական պայքարում  Լեոն Էդվարդսին զիջելուց հետո առաջին անգամ դուրս կգա օկտագոն՝ երբեմնի հեղինակությունը վերականգնելու համար։

Խոակին Բաքլին անցկացրել է 21 մենամարտ, գրանցել է 17 հաղթանակ, 4 ը՝ նոկաուտով,       4-ը՝ հնարքով, 9-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 4 պարտություն։

Քոլբի Քովինգտոնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 26 մենամարտ, տարել է 20 հաղթանակ, 14-ը՝ նոկաուտով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։

UFC on ESPN 63-ը լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում, մեկնարկելու է դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 07։00-ից սկսած։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա