UFC-ի ամերիկացի մարտիկ Մաքս Հոլոուեյը հայտարարել է, որ ավարտում է ելույթները կիսաթեթև քաշային կարգում և տեղափոխվում թեթև քաշային կարգ:
«Ավարտում եմ ելույթներս կիսաթեթև քաշային կարգում: Ես չեմ երիտասարդանում, քաշի կորուստն ավելի հեշտ չի դառնում: Պատրաստվելիս ստիպված էի հրաժարվել իմ սիրելի լապշայից։ Ես այլևս չեմ ուզում դա անել:
Մշտական հիմունքներով տեղափոխվում եմ թեթև քաշային կարգ: Սա նոր գլուխ է ինձ համար: Ես խոսել եմ մարզիչների և թիմի հետ։ Ուզում եմ օկտագոն վերադառնալ 2025 թվականի ամռանը։ Չգիտեմ, թե ով կլինի առաջին մրցակիցս, բայց ուզում եմ մենամարտել թեթև քաշային կարգի լուրջ դեմքերից մեկի դեմ», - ասել է 32-ամյա Հոլոուեյը իր ալիքի տեսանյութում:
Թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը հայ մարտիկ Արման Ծառուկյանն է, չեմպիոնը` ռուսաստանցի Իսլամ Մախաչևը:
Հիշեցնենք, որ Հոլոուեյը հոկտեմբերի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած UFC 308-ի գլխավոր մենամարտում նոկաուտով պարտվել էր Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիային, որը պաշտպանել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնությունը: