UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին նշել է 2025 թվականի ամենասպասված մենամարտը։ Ամերիկացին առանձնացրել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի ռևանշ մենամարտը:
«Շատ եմ սպասում Իսլամ Մախաչևի ու Արման Ծառուկյանի ռևանշ մենամարտին։ Նրանց առաջին հանդիպումը շատ լավն էր։ Երկուսն էլ դարձել են ավելի լավը։ Ծառուկյանն առնվազն ունի ոճ, որպեսզի խնդիրներ ստեղծի Իսլամի համար։ Այդ պատճառով կարծում եմ, որ լինելու է հիասքանչ մենամարտ, որը դուր կգա երկրպագուներին»,- Ջոն Մաքարտիի խոսքը մեջբերում է Weighing In-ը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը հանդիպելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311 մրցաշարում։ 2019 թվականին հայ մարտիկը միավորներով պարտվել է ռուսաստանցի մրցակցին։