Logo

Տուրեն կրկնեց Մովսեսյանի ռեկորդային ցուցանիշը, Պլոշադնին 4 խաղ անխոցելի է. Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:40 / 12.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում թեև «Ուրարտուն» պարտվեց, սակայն պահպանեց առաջատարի դիրքը, քանի որ «Արարատ-Արմենիան» 2 կարևոր միավոր կորցրեց «Արարատի» հետ մրցավեճում:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 75 հանդիպումներից 31-ում հաղթել են դաշտի տերերը, 34-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 10 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ), ընդ որում միայն վերջին երկու խաղերում դարպասի գրավում արձանագրվեց: 220 րոպե պահանջվեց տուրում գոլերի հաշիվը բացելու համար: Դա հաջողվեց Հովհաննես Համբարձումյանին: Առաջնության 75 հանդիպումներում գրանցվել է 223 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,97 գոլ):

2. «Նոան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը, որին առաջին շրջանում հաղթել էր 6-0 հաշվով: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի փոխչեմպիոնը խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց:

3. «Արարատը» վերջապես ընդհատեց 7 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում, որի հետ առաջնության նախորդ բոլոր 13 խաղերում էլ պարտվել էր: Վերջին միավորը Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում արարատցիները վաստակել էին 2021թ. մայիսի 19-ին կայացած խաղում (1-1):

Իսկ ահա «Արարատում» գոլային երաշտը հասավ 385 րոպեի: Առաջնության վերջին 8 խաղերում Տիգրան Եսայանի գլխավորած թիմն ընդամենը 2 գոլ է խփել՝ առաջին շրջանում գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը:

4. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլի:  Մինչև այդ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը միայն «Նոայի» հետ խաղում գոլ չէր խփել՝ պարտվելով նվազագույն հաշվով:

5. «Վանն» «Ուրարտուի» նկատմամբ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց՝ ռևանշի հասնելով առաջին շրջանում նույնպիսի արդյունքով մրցակցից կրած պարտության դիմաց: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 8 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի էր՝ տոնելով 5 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» նախորդ անգամ հաղթել էր 2022թ. օգոստոսի 13-ին երևանյան խաղում Իպեյ Վիլյամսի խփած միակ գոլի շնորհիվ:

6. «Շիրակն» առաջնության վերջին 3 հանդիպումներում երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեց՝ վաստակելով 5 միավոր: Ընթացիկ առաջնությունում շիրակցիները հյուրընկալվելիս արդեն 13 միավոր են վաստակել, մինչդեռ Գյումրիում թիմի հաշվին ընդամենը 5 միավոր է գրանցվել:

 

7. «Ուրարտուի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Մոմո Տուրեն Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 13-ի և կրկնեց Հայաստանի առաջնություններում «Վանի» պատմության լավագույն ռմբարկու Էդգար Մովսեսյանի ռեկորդային ցուցանիշը:

8. «Ուրարտուի» պաշտպան Անտոն Կիլինը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Իսկ Հովհաննես Համբարձումյանն առաջին գոլը խփեց ընթացիկ առաջնությունում, որը 2-րդն էր «Նոայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում:

9. 25-ամյա Կարեն Մելքոնյանն «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 156-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց Հակոբ Հակոբյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ուրարտուի» կազմում բոլորից շատ՝ 155 խաղ էր անցկացրել:

Մելքոնյանը թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով եզրափակում է «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստների հնգյակը, որը 180 խաղով գլխավորում է Արամ Բարեղամյանը:                      

10. Ալեքսեյ Պլոշադնին 394 րոպե շարունակ անառիկ է պահել «Նոայի» դարպասը: Այդ ցուցանիշով Պլոշադնին եզրափակում է թիմի դարպասապահների լավագույն եռյակը: Ռեկորդակիրը Վալերիո Վիմերկատին է, որին հաջողվել է 2020/21թթ. մրցաշրջանում դարպասը 436 րոպե անընդմեջ անառիկ պահել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ