«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ մյունխենյան ակումբի անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ի զորու է գերազանցել Ռոբերտ Լևանդովսկիի ռեկորդը։ Այժմ կատալոնական «Բարսելոնայում» խաղացող լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդային 41 գոլ էր խփել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում։
«Ռեկորդը վտանգված է։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդպես կլինի։ Մի քիչ հաջողություն է հարկավոր։ Թիմը պետք է շարունակի առաջ շարժվել։ Անհրաժեշտ է, որ Հարին պահպանի մարզավիճակը, իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի։ Վստահ եմ, որ Քեյնն ունի անսահման հնարավորություններ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանում (17 տուր) Հարի Քեյնը խփել է 22 գոլ։ 30-ամյա անգլիացին 2023թ․ ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որը 110 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։