Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին և հայտնել, որ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին պատրաստ է մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին.
«Դայո Ուպամեկանոն մարզման ժամանակ վնասվածք է ստացել և նրա մասնակցությունը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղին հարցականի տակ է։ Սերժ Գնաբրին պատրաստ է երեքշաբթի մասնակցել «Ռեալի» դեմ խաղին։ Նա դաշտ դուրս կգա և գոլ կխփի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Ինչ վերաբերում է Լերոյ Սանեին, պետք է սպասենք մինչև «Ռեալի» դեմ հանդիպման մեկնարկը` նրա ֆիզիկական վիճակը գնահատելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Սերժ Գնաբրին ապրիլի 9-ից ապաքինվում է մկանային վնասվածքից։ 28-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին խաղը կայանալու է ապրիլի 30-ին Մյունխենում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հանդիպումը կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։