Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ չի խղճում իր խաղընկեր, բելգիացի վինգեր Էդեն Ազարին, որը գրեթե խաղաժամանակ չի ստանում ընթացիկ մրցաշրջանում:
«Իհարկե, նա բարդ իրավիճակում է, սակայն ֆուտբոլում խիղճը տեղին չէ: Չեմ հավատում, թե Էդենը ծանր է տանում այդ ամենը: Պետք է խղճալ այն մարդկանց, որոնք վատ են ապրում: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն իրավիճակի համար, որում հայտնվել է: Լավ եմ ճանաչում Ազարին, մենք շատ ենք շփվում: Նա լավ է ապրում ու խնդիրներ չունի»,- Կրոսի խոսքը մեջբերում է Het Nieuwsblad-ը:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2019 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում ստացել է ընդամենը 296 րոպե խաղաժամանակ, խփել 1 գոլ ու կատարել նույնքան ասիստ: