Անգլիական «Նյուքասլի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին խոսել է խաղադրույքներից ունեցած կախվածության մասին.
«Մինչև սխալս ես երկու կյանք ունեի, քանի որ շատ փակ էի և երբեք չէի խոսում մարդկանց հետ։ Նույնիսկ մարզումների ժամանակ մարզչական անձնակազմի հետ չէի շփվում։ Այժմ ամեն ինչ լրիվ այլ է։ Ամեն օր տարբեր է, հատկապես, անձնակազմի և իմ թիմակիցների հետ շփումը, քանի որ մարդ պետք է շատ խոսի և նորմալ հարաբերություններ ունենա։
Ես լրիվ այլ մարդ էի, նախքան այս 10 ամիսը։ Երկու տարբեր մարդ կարծես լինեի, որոնցից մեկն ապրում էր ֆուտբոլով, իսկ մյուսն` առօրյա կյանքով։ Իսկ այժմ մեկ ամբողջական մարդ եմ։ Դա հասկացել եմ անցնող 10 ամսում։
Ես այնքան շատ ունեի ֆուտբոլի ու էմոցիաների կարիք։ Այժմ վերադարձել եմ և ինձ լավ եմ զգում։ Խոսել եմ ակումբի տնօրենների հետ, նրանք գոհ էին։ Հասկացել եմ իմ սխալը։
Որակազրկման օրերին Բրունու Գիմարայեշը և Ժոելինթոնը (Խմբ - «Նյուքասլի» ֆուտբոլիստներ) ամեն օր աջակցել են ինձ։ Բայց ամբողջ թիմն էր կողքիս։ Դա ինձ համար մեծ անակնկալ էր, քանի որ նորեկ էի թիմում։ Ինձ աջակցում էին նույնիսկ Նյուքասլի բնակիչները»,- մեջբերում է լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Տոնալին հոկտեմբերին խաղադրույքներ կատարելու մեղադրանքով Իտալիայի սպորտային դատարանի կողմից որակազրկվել էր 10 ամսով։ Ֆուտբոլիստն այդ ընթացքում անցել է նաև բուժման հատուկ կուրս։