UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Hype Reality 3 ռեալիթի շոուի ժամանակ միջին քաշային կարգում հանդես եկող Խամզաթ Չիմաևի դեմ մենամարտելու մասին:
«Սովոր եմ պայքարել իմ քաշային կարգի մարտիկների դեմ, ավելի ծանր քաշայինները վտանգավոր են: Բայց Խամզաթին վաղուց եմ ճանաչում։ Ես գիտեի, որ նրա դեմ մենամարտելիս վնասվածք չի լինի։ Դրա համար ես հիմա աշխատում եմ նրա հետ»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը Hype FC-ի մամուլի ծառայությանը:
Ծառուկյանը ցուցադրական մենամարտում պարտվել էր չեչեն մարտիկին:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում Ծառուկյանը թեթև քաշային կարգի գոտու համար մենամարտում կհանդիպի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևին:
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
Արման Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում: