Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն (81 կգ) ավարտեց ելույթը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։
Հայ մարզուհին մասնակցեց B խմբի մրցմանը և երկամարտի 223 կգ (96+127) արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ B խմբում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Վերոնիկա Զիելինսկան, որի երկամարտի արդյունքն էր 237 կգ։
Կանանց 81 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։30-ին։
Սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ից, մրցահարձակ դուրս կգան նաև Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը (87 կգ)։
Հիշեցնենք, որ Հայաստանը երկամարտում առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Գոռ Սահակյանը (67 կգ) սեպտեմբերի 7-ին դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) գրավել էր 6-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 4-րդն էր, Հակոբ Մկրտչյանը (96 կգ)՝ 6-րդը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էին ստացել։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։
Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար