Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը։
Իզաբելյա Յայլյանը (59 կգ) ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ տեղը: Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը երրորդ փորձից գլխավերևում է պահել 90 կգ ծանրաձողը և զբաղեցրել 24-րդ տեղը: Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցմամբ բարձրացրել է 110 կգ, երկրորդ մոտեցմամբ չի ֆիքսել 115 կգ ծանրաձողը, սակայն երրորդ փորձից հաջողվել է գլխավերևում պահել այդ քաշը և վարժությունում գրավել 19-րդ տեղը:
Այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել կոլումբացի Յենի Ֆերնանդա Կայսեդոն, որը երկամարտում գրանցել է 234 կգ (101+133) արդյունք:
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։ Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը ցուցադրվում է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։