Logo

Ծանրամարտի ԱԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը չորրորդն է, Լիանա Գյուրջյանը՝ 11-րդը (ֆոտո)

09:29 / 15.12.2022• Ծանրամարտ
null

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

35-ամյա Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130) արդյունքով գրավել չորրորդ տեղը: Պոկում վարժությունում նա գրանցել է չորրորդ արդյունքը, իսկ հրում վարժությունում՝ 6-րդ: Խուրշուդյանը երկու վարժությունում էլ երկուական հաջող մատեցում է ունեցել:

Այս քաշային կարգում երկամարտի 260 կգ (113+147) արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել Նորվեգիայի ներկայացուցիչ Կոանդա Սոլֆրիդը: Երկրորդ տեղը գրաված ավստրալացի Մարիա Ցիկամատանան երկամարտում Հռիփսիմե Խուրշուդյանին գերազանցել է 11 կգ, իսկ բրոնզե մեդալակիր Տուրսունոյ Ջաբորովան (Ուզբեկստան)՝ 3 կգ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հռիփսիմե Խուրշուդյանը շուրջ 6 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր մրցահարթակ՝ մասնակցելով Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով նա 5-րդ տեղն էր գրավել 87 կգ քաշային կարգում։

Լիանա Գյուրջյանը երկամարտում հավաքել է 237 կգ (103+134) և լավագույն արդյունքը գրանցել B խմբում, իսկ ընդհանուր հաշվարկում գրավել է 11-րդ տեղը: Պոկում վարժությունում նա զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ հրումում՝ 11-րդ: Հայ մարզուհին հաջող է կատարել բոլոր՝ 6 մոտեցումները:

Հայաստանը դեռ մեկ մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Գասպարյանը։ Հայաստանի 12 ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաև Իզաբելյա Յայլյանը (59 կգ, 18-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, 12-րդ տեղ), Վարդան Մանուկյանը (89 կգ, 16-րդ տեղ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ, 6-րդ տեղ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ, 9-րդ տեղ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ, 11-րդ տեղ)։

Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում (+109 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 16-ին:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։ ԱԱ-ն ցուցադրվում է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։

Աշխարհի առաջնություն․ Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ