Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գլխավոր զարդը դարձավ գերծանր քաշային կարգի (+109 կգ) մրցումը, որում Հայաստանի երկու ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն բրոնզե մեդալակիր դարձած Վարազդատ Լալայանը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց 8-րդ տեղով։
Թեժ պայքարում անցած մրցմանը 23-ամյա Վարազդատ Լալայանը երրորդ տեղը գրավեց երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով և 5 կգ զիջեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Լաշա Տալախաձեին։ 29-ամյա վրացի ծանրորդը 6-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց աշխարհի առաջնությունում՝ երկամարտում գրանցելով 466 կգ (215+251)։
Վարազդատ Լալայանն աշխարհի առաջնության փոխչեմպիոն էր դարձել նաև նախորդ տարի։
Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Բահրեյնի հավաքականում նորամուտն Ասիայի չեմպիոնական տիտղոսով նորամուտը նշած Գոռ Մինասյանը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Մինասյանը կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն։
109 կգ կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միջազգային մրցումներում նորամուտը նշեց գերծանր քաշային կարգում։ Թե՛ հրում, թե՛ պոկում վարժությունում Մարտիրոսյանը գրանցեց մեկական հաջող մոտեցում ու երկամարտի 425 կգ (190+235) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը։

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը հաջող կատարեց բոլոր՝ 3 մոտեցումները և 215 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Նույն արդյունքով առաջին տեղը գրավեց Լաշա Տալախաձեն, որն առաջինն էր բարձրացրել այդ քաշը։ Գոռ Մինասյանը 212 կգ արդյունքով նվաճեց փորք բրոնզե մեդալ։
Հրում վարժությունում Լալայանը 2 անգամ չկարողացավ ֆիքսել 245 կգ ծանրածողը, բայց երրորդ մոտեցումով բարձրացրեց 246 կգ։ Այդ վարժությունում նա 5-րդն էր։ Գոռ Մինասյանը հրում վարժությունում գրանցեց 250 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալը՝ ընդամենը 1 կգ զիջելով Լաշա Տալախաձեին։
Այս քաշային կարգի ծանրորդների մրցանակաբաշխության արարողությանը մասնակցեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հայաստանի հավաքականը երկամարտի երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում։ Ավելի վաղ 102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Սամվել Գասպարյանը։ Հայաստանի 12 ներկայացուցիչներից մրցահարթակ էին դուրս եկել նաև Իզաբելյա Յայլյանը (59 կգ, 18-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, 12-րդ տեղ), Վարդան Մանուկյանը (89 կգ, 16-րդ տեղ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ, 6-րդ տեղ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ, 9-րդ տեղ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, 11-րդ տեղ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, 11-րդ տեղ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ, 4-րդ տեղ)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում էին Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։ ԱԱ-ն ցուցադրվում էր «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։
Վարազդատ Լալայանի ու Սիմոն Մարտիրոսյանի մոտեցումները
Պարգևատրության արարողությունը


