Տրանսֆերային պատուհանի բացվելուն ընդառաջ մի շարք հավանական գործարքների շուրջ ասեկոսեները շարունակվում են: FastNews-ն էլ շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը:
Լուիս Դիաս
Կոլումբացի վինգերը դեմ չէ «Լիվերպուլի» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը, բայց դիտարկում է նաև այլ տարբերակներ: Մերսիսայդցիները մերժել են «Բարսելոնայի» առաջարկը, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ կատալոնական ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախը: (Liverpool ECHO)
Ալեքսանդր Զինչենկո
«Արսենալն» ու «Միլանը» շարունակում են բանակցությունները, սակայն ֆինանսական սահմանափակումները կարող են հետաձգել կամ խափանել գործարքը: «Ռոսոներին» պատրաստ չէ ուկրաինացուն վճարել ամսական 150.000 ֆունտ աշխատավարձ: (metro.co.uk)
Կևին Դե Բրույնե
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանն այսօր բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ: (Ջանլուկա Դի Մարցիո)
Լուկա Մոդրիչ
Խորվաթ կիսապաշտպանը կապ է հաստատել «Միլանի» հետ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ աշխարհի ակումբային առաջնությունից հետո: (Ֆաբրիցիո Ռոմանո)
Ջեք Գրիլիշ
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է, որ Գրիլիշը հեռացվել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակից։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կունենա: (Ֆաբրիցիո Ռոմանո)
Ջեյդոն Սանչո
«Չելսին» հրաժարվել է վարձակալության ժամկետից հետո 25 միլիոն ֆունտով Սանչոյի տրանսֆերային իրավունքը գնելու պարտավորությունից՝ վճարելով 5 միլիոն ֆունտ տուգանք: Անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Ասթոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»: (manutdnews.com)
Վիտեզսլավ Յարոշ
«Լիվերպուլի» դարպասապահը կարող է վարձավճարով տեղափոխվել «Այաքս», որի գլխավոր մարզիչ է նշանակվել Առնե Սլոթի նախկին օգնական Ջոնի Հեյտինգան: (The Athletic)
Ջարել Քուանսա
Անգլիացի պաշտպանը մնում է «Բայերի» հետաքրքրության կենտրոնում: «Լիվերպուլը» դեմ չի լինի բաց թողնել իր ֆուտբոլիստին, եթե նա ցանկանա հեռանալ: (Ֆաբրիցիո Ռոմանո)
Վիկտոր Դյոկերեշ
«Արսենալը» կրկին միացել է «Սպորտինգի» հարձակվողին ձեռք բերելու մրցավազքին։ Ֆուտբոլիստն իր գործակալին հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Զինագործների» կազմում: (CNN Portugal)
Բենյամին Շեշկո
«Լայպցիգը» հրաժարվում է իր ֆուտբոլիստի հրաժարագնի չափը (65 միլիոն ֆունտ) նվազեցնելուց, «Արսենալը» շարունակում է բանակցություններն ու հարձակվողի փնտրտուքները: (afcstuff)
Ֆլորիան Վիրց
«Բայերի» առաջատարն այսօր բուժզննում կանցնի «Լիվերպուլի» համար: Եթե անսպասելի զարգացում չլինի, դրան կհաջորդի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի երկարաժամկետ պայմանագիրը «Կարմիրների» հետ։ (Suddeutsche Zeitung)
Նիկո Ուիլյամս
«Աթլետիկը» մեծ ջանքեր է գործադրում՝ Նիկոյին թիմում պահելու համար՝ առաջարկելով աշխատավարձի բարձրացում և պայմանագրի երկարաձգում մինչև 2027 թվականը ժամկետով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Արսենալը» և «Չելսին»: (MARCA)
Կիմ Մին Ջե
«Բավարիան» շարունակում է քննարկել կենտրոնական պաշտպանի տրանսֆերային իրավունքը վաճառելու հնարավորությունը: Մյունխենցիները պատրաստ են դիտարկել առաջարկներ: (Ֆլորիան Պլետենբերգ)
Դարվին Նունյես
«Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել ուրուգվայցու տրանսֆերի համար: «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել իր հարձակվողին: (anfieldwatch)
Ադրիեն Ռաբիո
Ֆրանսիացուն «Միլանի» կազմում է ցանկանում տեսնել Մաքս Ալեգրին, որը նրա հետ աշխատել է «Յուվենտուսում»: Ֆուտբոլիստը հեռանալու հարցում բանավոր համաձայնություն ունի «Մարսելի» հետ: (Ջանլուկա Դի Մարցիո)


