Logo

Տնային հանդիպումներում «Նոայի» անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, «Գանձասարում» գոլային երաշտն ավարտվեց. Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:26 / 04.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 12-րդ տուրն անվանեց նոր առաջատարին՝ «Արարատ-Արմենիային», որը շրջանցելով պարտություն կրած «Ալաշկերտին», 27 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը տարավ «Գանձասարը»: Առաջնությունում անցկացված 58 հանդիպումներում դաշտի տերերը 26 հաղթանակ են տարել, 13 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 19 անգամ հաջողության են հասել հյուրերը:

Խփվեց 13 գոլ, որից 5-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 58 հանդիպումներում 151 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ):

2. «Նոան» ընթացիկ առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց՝ ընդհատելով 7 անպարտելի խաղերի շարքը, որի ընթացքում 4 հաղթանակ էր տարել, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Առաջնությունում առաջին պարտությունը չեմպիոնը կրել էր օգոստոսի 31-ին «Ալաշկերտից» (0-2):

Ընդհատվեց նաև տնային հանդիպումներում «Նոայի» 34 անպարտելի խաղերի շարքը (31 հաղթանակ, որից 24-ը՝ անընդմեջ, 3 ոչ-ոքի): Նախորդ պարտությունը սեփական դաշտում «Նոան» կրել էր 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ Աբովյանում նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»: Հետաքրքիր է, որ գոլը 87-րդ րոպեին 11մ հարվածով խփել էր ներկայումս «Նոայի» կազմում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը:

3. «Գանձասարն» ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքն ու 568 րոպե տևած գոլային երաշտը՝ Fastex Պրեմիեր լիգայում առաջին հաղթանակը տանելով «Ալաշկերտի» նկատմամբ: Ընթացիկ առաջնությունում դա գանձասարցիների 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր սեպտեմբերի 12-ին «Վանի» հետ սեփական դաշտում կայացած խաղում, որում կապանցիները խփել էին իրենց նախորդ գոլը: 18-րդ րոպեին աչքի էր ընկել Պատվական Ավետիսյանը:

4. Երկամյա ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիային» կրկին հաջողվեց առաջնությունում հաղթել «Նոային»՝ ընդհատելով առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որի ընթացքում 6 անընդմեջ պարտություն էր կրել, մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել էր 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

«Արարատ-Արմենիան» կրկնեց 2021/22թթ. առաջնությունում Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրած մեկնարկային 11 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը: Այդ մրցաշրջանում Հայաստանի կրկնակի չեմպիոնը մեկնարկային 11 հանդիպումներում 10 հաղթանակ էր տոնել՝ միակ ոչ-ոքին գրանցելով «Սևանի» հետ 8-րդ տուրում կայացած խաղում:

5. «Ուրարտուն» առաջնության վերջին 6 հանդիպումներում 4-րդ հաղթանակը տարավ: Այդ խաղերում թիմի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը դարպասն անառիկ է պահել:

6. Հելդեր Ֆեռեյրան դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» հոբելյանական՝ 350-րդ գոլի հեղինակը:

7. Ժիրայր Շաղոյանն «Արարատ-Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 14-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի լավագույն ռմբարկուների տասնյակում: Արմեն Համբարձումյանն էլ բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ թիմի կազմում խփելով իր 16-րդ գնդակը: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից այդ ցուցանիշով Համբարձումյանն ամենաարդյունավետն է «Արարատ-Արմենիայում»:

8. Գանձասարցի Լևոն Պետրոսյանը, շիրակցի Գագիկ Ակուլյանը և «Վանի» ֆուտբոլիստ Կաուա Ֆեռեյրան բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Պետրոսյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 21 տարեկան 224 օրականում:

9. Ջեսի Ակիլան բացեց գոլերի հաշիվը «Շիրակում», Ջեֆերսոն Գրանադոն առաջին գոլը խփեց «Վանում», Անտոն Բրատկովն էլ իր օգտին առաջին գոլը գրանցեց «Ուրարտուի» կազմում: Բրատկովն ընդգրկվեց «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Արարատի» դարպասը գրավելով 32 տարեկան 173 օրականում: Նա ցանկից դուրս մղեց թիմի նախկին հարձակվող Նենադ Ինյացին, որը 2017թ. գոլի հեղինակ էր դարձել 32 տարեկան 83 օրականում:

10. «Արարատի» ավագ Արթուր Գրիգորյանն «Ուրարտուի» հետ մրցավեճում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Արարատցիների կազմում նա առաջնությունում 44 խաղի է մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ